Ազատամարտիկները ԱԺ ընտրություններից հետո էլ չեն դադարեցրել հանդիպումները պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով, քաղաքական նպատակներն օրակարգում են, պարզապես պատեհ առիթի են սպասում, որ դրանք կյանքի կոչվեն, իսկ պատեհ առիթը ժողովրդի տրամադրվածությունն է, որը պայքար սկսելու համար այն չէ։
«Իհարկե հանդիպում ենք, միշտ էլ հանդիպում ենք, ոչինչ չի փոխվել, մեր մարտավարությունը՝ նույնպես։ Երբ զգանք, որ որեւէ պահի կարող ենք աջակցել, կաջակցենք, ժողովրդին էս վիճակից հանենք»,–ասաց Ռազմիկ Պետրոսյանը։ Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքի աջակիցն ասաց, որ ազատամարտիկները սպասում են քաղաքական այրերի առաջարկին. ծրագրեր կազմողը նրանք են, իսկ բարձունքներ գրավողը՝ ազատամարտիկները:
«Բոլորս էլ գտնում ենք, որ այս երկրին համակարգային փոփոխություն է պետք, դա պետք է քաղաքական այրերը ասեն, իսկ մենք պետք է մարտավարությունը առաջարկենք՝ որ բարձունքը ոնց կարելի է ազատագրել»,-ասաց նա:
Ռազմիկ Պետրոսյանի խոսքով, իրենց պայքարի առաջին փուլի՝ ընտրությունների վրա արդեն իսկ իշխանությունն ազդեց՝ իրենց դաշնակից Սամվել Բաբայանին ազատազրկելով. «Դա հոգեբանական ճնշում էր, որն իր ազդեցությունն ունեցավ»: