Արցախում 1,5 տարի առաջ վիրավորված Հովհաննես Պողոսյանը հիվանդանոցում իրեն հյուր եկածներին դիմավորում է լայն ժպիտը դեմքին, ուրախության փայլը՝ աչքերում: Այս ամիսներին Հովհաննեսին տեսած յուրաքանչյուր ոք կփաստի՝ գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատությունից հետո նրա նեղված ու այլայլված հայացքն այլեւս չկա, ինքնավստահ է դարձել, տրամադրությունն էլ բարձր է:
NEWS.am-ը զինծառայողի բուժման ընթացքը նկարահանել է թե Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, թե Ամանորին՝ իրենց տանը: Ի տարբերություն նախորդ անգամների՝ այսօր նա մեր տեսախցիկից չի ամաչում եւ համաձայնվում է խոսել իր վիրահատության, բուժման եւ հետագա անելիքների մասին:
Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել է 2016 թվականի մայիսի 13-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: Նա ստացել էր հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ստացած Հովհաննեսն իր համառության, կամքի եւ աշխատասիրության շնորհիվ հաղթահարեց բոլոր դժվարությունները: Այսօր նա խոսում է, քայլում, միայն ձեռքը շարժել չի կարողանում, բժիշկները հորդորում են համբերատար լինել, ժամանակի հարց է ընդամենը:
«Ամեն ինչ ցենտր ա, ինձ շատ լավ եմ զգում, հիմա ավելի լավ եմ դարձել, էն ժամանակ մտածում էի, նոր խոսում, բայց հիմա նորմալ խոսում եմ...»,- ասում է Հովհաննեսը:
Մինչ բանակ զորակոչվելը՝ Հովհաննեսն ընդունվել էր Թատերական ինստիտուտ, ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը, բայց 2016թ. մայիսի 13-ը խառնեց բոլոր ծրագրերը: 1.5 տարի անց Հովհաննեսը կրկին մտածում է ուսումը շարունակելու մասին:
Մեր խոսակցությանը մայրը՝ տիկին Գայանեն է միանում, պատմում 6 ժամ տեւած բարդ վիրահատության մասին, հիշում վիրահատարան մտնելուց առաջ բժշկի խոսքերը:
«Արման Պարգեւիչն (վիրահատող բժիշկ Արման Հակոբյան-խմբ.) է որդուս ոտքի կանգնեցրել, վիրահատության մտնելուց առաջ ինձ ասաց. «Ոնց վերցնում եմ Հովհաննեսին, էդպես էլ հանձնելու եմ քեզ, տրամադրությունդ բարձր պահի, ամեն ինչ լավ է լինելու»: Փառք Աստծո, էսօր Հովհաննեսս կարողանում է խոսել, առանց մեր օգնության քայլում է, ձեռքն է մեզ միայն անհանգստացնում, բայց պետք է սպասենք: Հովհաննեսին երկար վերականգնողական բուժում է սպասում, չենք հոգնելու, անընդհատ իրենով պիտի զբաղվենք, նպատակներ ունի, պիտի դրան հասնի»,- նշում է տիկին Գայանեն:
Վիրահատող բժիշկ, «Նաիրի» բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության եւ ողնաշարային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Արման Հակոբյանի պրակտիկայում սա եզակի վիրահատություն կարելի է համարել: Հովհաննեսի գանգոսկրին համապատասխան 3D մոդելավորմամբ տիտանե թիթեղը պատվիրել են արտասահմանից, երկարատեւ բանակցություններից հետո ընկերությունը համաձայնվել է այն պատրաստել եւ ուղարկել Հայաստան:
«Հովհաննես Պողոսյանը բավականին ծանր բուժման կուրս է անցել: Վիրահատական փուլի եզրափակիչ մասը գանգոսկրի նման չափի դեֆեկտի պլաստիկայի անհրաժեշտության մեջ էր: Գանգոսկրի դեֆեկտը փակել այնպես, որ համապատասխան կոսմետիկ էֆեկտ ստանանք, հնարավոր չէր լինի՝ առանց մոդելավորված տիտանե թիթեղի: Արտերկրից մենք կարողացանք բերել Հովհաննեսի գանգոսկրին համապատասխան մոդելավորված տիտանե թիթեղը, այսօր կարող ենք ասել, որ կոսմետիկ դեֆեկտը վերացված է, բայց իհարկե, բուժման կարիք կա: Ակնկալում ենք, որ ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա»,- պատմում է Արման Հակոբյանը:
Մեկ շաբաթից Հովհաննեսն ամենայն հավանականությամբ դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ ավելի ուշ վերականգնողական բուժումը կշարունակի: