«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է օրերս տարածված այն տեղեկությանը, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գևորգ Մհերյանի սպանության բացահայտման հետ կապված հանձնարարականներ է տվել Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանին:

Թղթակիցն այս կապակցությամբ զրուցել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Նրա կարծիքով չբացահայտվող հանցագործություններ չկան, բոլորն էլ ժամանակի ընթացքում բացահայտվում են:

Թղթակցի հարցին, թե ինչպես է մեկնաբանում ոստիկանապետի կողմից տրված հատուկ հանձնարարականի հարցը, Ա.Սարգսյանը պատասխանել է. «Ի՞նչ կա դրանում, տա աստված բացահայտվի:

Ժամանակին ես էլ եմ շատ հանձնարարականներ տվել և վատ չեմ աշխատել, ամեն ինչ արել եմ:

Ասել, թե այն ժամանակ չեն աշխատել և հիմա են աշխատում, քանի որ հանձնարարականներ են տրված, դա այդպես չէ:

Հատուկ խմբեր եմ ստեղծել, դրանով մարդիկ աշխատել են, հայտարարել եմ, որ իրոք պատվի հարց է, և պետք է անպայման բացահայտենք այդ դեպքը: Չեմ ափսոսում, որ նման հայտարարություն եմ արել, քանի որ իրոք պետք է բացահայտվեր, բայց հիմա չի ստացվել, ի՞նչ անեմ»:

Իսկ լրագրողի այն հարցին, թե համապատասխան մարմիններ ասվածն ինչ է, և արդյոք նախկին ոստիկանապետն առանց այդ մարմինների հետ համագործակցելու է փորձել բացահայտել փոխոստիկանապետի սպանությունը, Ա.Սարգսյանը պատասխանել է. «Բայց մինչև այդ ո՞վ է զբաղվել` կաթի կոմբինա՞տը, թե՞ «Ջրմուղը», ինչի՞ մասին է խոսքը: Թե՞ այն ժամանակ մարմինները մարմին չէին:

Ողջունելի է, որ մարդիկ խումբ են ստեղծել, նորից աշխատում են և զբաղվում են այդ խնդրով: Բայց որ ինչ որ մարդիկ ասում են, թե նախկինում չի եղել և ահա հիմա համապատասխան խումբ է ստեղծվում, ուրեմն նրանց հիշողությունն եմ թարմացնում. նախկինում նման խմբեր շատ են ստեղծվել, անընդհատ թարմացրել ենք, ամեն անգամ նոր վերսիաներ ենք մշակել»: