Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի Մոսկվա այցից հետո լրատվամիջոցների գլխավոր թեման է դարձել ռազմական արտադրանք գնելու մասին հուշագրի ստորագրումը :
Ինչպես հայտնում էր «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրներին, բանակցությունների արդյունքներից էր կախված ավելի քան 3 մլրդ դոլար ընդհանուր գումարով ռազմական գործարքների փաթեթը կնքելու հեռանկարը: Հաղորդվում էր նույնիսկ, որ պայմանագրերով նախատեսվում է Էր Ռիադին նաեւ Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարում:
Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերություններում լարվածության վերջին գալարից հետո Մոսկվայի եւ Էր Ռիադի միջեւ ռազմական ոլորտում հնարավոր համագործակցությունը նոր նշանակություն է ստանում:
Chatham House-ի Ռուս-եվրասիական ծրագրի աշխատակից Նիկոլայ Կոժանովը կարծում է, որ իրանցիները չափազանց հիվանդագին վերաբերվեցին հնարավոր պայմանագրերի եւ պայմանավորվածությունների նկատմամբ, որոնք ձեռք էին բերվել Սաուդյան Արաբիայի Մոսկվա այցի ընթացքում:
«Իրանն ավանդաբար մտավախություն ունի, որ Սաուդյան Արաբիան կարող է, այսպես ասած, «թանկ գնել» Ռուսաստանին եւ նրան ստիպել Իրանից հեռանալ: Դա տեղի չի ունեցել, բայց Իրանի ղեկավարության մոտ զգուշավորությունը պահպանվում է»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կոժանովը:
Նրա խսքով՝ Ռուսաստանն ավանդաբար փորձում է իրեն գտնել Ծոցի երկրների շուկայում, եւ համաձայնագրի ստորագրումը այս նշաձողը զբաղեցնելու փորձ է:
«Եթե Էր Ռիադի հետ պայմանագիրը ստորագրված է, առաջանում է ե՛ւ դաշնակիցների, ե՛ւ, օրինակ, ԱՄԷ-ի հետ փոխհարաբերությունների հնարավորություն: Սաուդցիների նպատակն ավելի շուտ ռուսական հզորության բեռնումն է, որ սպառազինությունը, որը կարող էր Իրանում հայտնվել, այնտեղ չհայտնվի»,- կարծում է վերլուծաբանը:
Ինչ վերաբերում Ս-400 համակարգերի հետ կապված իրավիճակին, վերլուծաբանի խոսքով, դրանք օբյեկտիվորեն սաուդցիներին հարկավոր չեն, հատկապես այն պայմանավորվածությունները հաշվի առնելով, որոնց նրանք հասել են ամերիկացիների հետ: Փորձագետը ոշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ խոսքը հուշագրի մասին է, եւ փաստորեն իրական պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ հարցով, իսկ հատկապես՝ «Կալաշնիկով» ինքնաձիգի արտահանման տարբերակի արտադրական գծի ծավալման: