Այս դահլիճում չկա մեկը, որ կողմ լինի բռնությանը` անկախ նրանից ում հանդեպ է դա կիրառվում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում իր ելույթում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը, ըստ որի՝ բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքում պատիժ կսահմանվի։
Նրա խոսքով, այդ տրամաբանությամբ պետք է Քրեական օրենսգիրքը ծանրաբեռնենք տարբեր մասնագիտությունների գծով բռնություն կատարողների պատիժը խստացնելու դրույթներով։ Նաիրա Զոհրաբյանը նշեց լրագրողների օրինակը, որոնք ամենից շատն են բռնության ենթարկվում։
«Բայց ես ունեմ վիճակագրություն, թե տաքսիստների հանդեպ ինչ բռնություն է կիրառվում։ Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, եւ դրանց համար քրեական օրենսգրքով արդեն նախատեսում է հստակ պատժամիջոց»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չի կարելի հավասարության նշան դնել լրագրողի եւ բժշկի մասնագիտությունների մեջ եւ առանձին պատիժ սահմանել, քանի որ լրագրողի դեպքում խոչընդոտումը դա խոսքի ազատության դեմ է:
«Որպես նախկին լրագրող՝ օգտվելու եմ իմ իրավունքից եւ առաջարկելու եմ Քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու շատ ավելի խստացված իրավական կարգավորում։ Մենք կողմ ենք, որպեսզի Քրեական օրենսգիրքը իր ողջ ծավալով գործի բռնություն իրականացնողի հանդեպ, բայց էդ դեպքում ինչ ասել էն բժշկին, որը մահամերձ հիվանդի կողքին կանգնած ասում է՝ ադրենալին չունեմ, որ նրան ստիմուլյացիա անեմ, գնացեք ապտեկայից առեք։
Ուզում եմ ասել, Քրեական օրենսգիրքը կարգավորում է, առանձին դրույթով տարբեր մասնագիտությունների գծով տարբերակելու անհրաժեշտություն չկա, ասում եմ՝ գնացեք նայեք վիճակագրությունը, ամենից շատ բռնության ենթարկվում են լրագրողները։ Դե եկեք Քրեական օրենսգիրքը ծանրաբեռնենք եւ բոլոր մասնագիտությունների գծով խստացնենք»,–հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը վերաբերում է բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատժի խստացմանը:
Օրենքի նախագծով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով: Վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքի դեպքում պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: