Արցախում նոյեմբերի 21-ի երեկոյան ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած Գեղամ Զաքարյանը Մուսալեռ գյուղի բնակիչ էր, կոչումով սպա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մուսալեռի գյուղապետարանից:
22-ամյա Գեղամ Զաքարյանն այս տարվա ամռանն էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ հուլիսի վերջին տեղափոխվել Արցախ՝ ծառայության: Մուսալեռում բնակվում են սպայի ծնողները, նրա քույրն ու եղբայրը համայնքում չեն ապրում:
Գեղամ Զաքարյանի մարմինն այսօր կտեղափոխվի Մուսալեռ:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին ժամը 18:35-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնված 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնված 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնված 1997թ.): Ականի պայթյունից վիրավորվել է 1998 թվականի ծնված Նարեկ Հայկի Հովեյանը: Նրա վիճակը ծանր է գնահատվում:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: