«Ժամանակ» թերթը գրում է. «Սոչիում՝ նոյեմբերի 22-ին, սիրիական հակամարտության թեմայով Թուրքիայի, Իրանի եւ ՌԴ նախագահների հանդիպումից հետո, երբ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ ոտքի կանգնել միմյանց ողջունելու, տեղի էր ունեցել խիստ խորհրդանշական մի բան՝ ընկել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը, որի վրայից նա վեր էր կացել: Ընդ որում՝ աթոռն ընկել էր, երբ նրան էր մոտեցել Պուտինը ձեռքսեղմման համար: Էրդողանի աթոռի ընկնելը հայտնվել է միջազգային համացանցի ուշադրության կենտրոնում: Իհարկե, հետաքրքրաշարժ լինելուց զատ, այն իր մեջ պարունակում է պահի քաղաքական խորհրդանշանակություն:
Սիրիական հակամարտությունը Թուրքիայի առաջնորդի համար դիտվում էր, այսպես ասած, բեկումնային շանս համաշխարհային դերակատարության կտրուկ աճի, ազդեցության տարածքի ընդլայնման առումով: Կասկածից վեր է նաեւ, որ այդպիսով Անկարան ակնկալում էր, թերեւս, մեծացնել իր ազդեցությունը նաեւ Կովկասում, բայց Մերձավոր Արեւելքում ամրանալուց հետո միայն: Սակայն թե՛ Մերձավոր Արեւելքում ու թե՛ նաեւ Կովկասում իրադարձությունները զարգացան ոչ այն սցենարով, որ կարող էր ակնկալել կամ նախատեսել Թուրքիան: Ընդ որում՝ այդ հարցում, իհարկե, «օգնեցին» նրանք, ովքեր թվում է, թե դաշնակիցներ էին՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը:
Ռուսաստանն, ի վերջո, այս անգամ որոշեց «գցել» Անկարային ավելի շուտ, քան իրեն «կգցեր» Անկարան, եւ պայմանավորվեց ԱՄՆ-ի հետ, Իսրայելի հետ, նաեւ Իրանի հետ: Էրդողանի աթոռն այդ իմաստով ընկավ: Իսկ «աթոռը» բարձրացնելու ժամանակ նրան չէր տալիս նաեւ Ալիեւը, որն ակնհայտորեն փորձելով խաղարկել բարոյական բաղադրիչը՝ Թուրքիայի նախագահին պահում է, այսպես ասած, լարման տակ՝ ստիպելով միջազգային ասպարեզում զբաղվել նաեւ Ալիեւի խնդիրներով, սպասարկել նաեւ Ադրբեջանի շահը: Դրան զուգահեռ՝ Արեւմուտքի հետ Անկարայի խնդիրները հանգեցրին տոտալ մի վիճակի, երբ գործնականում բոլորը Էրդողանի տակից, այսպես ասած, հեռացնում են աթոռը: Նրա հույսը մնում է Հայաստանը:
Սա կարող է թվալ արտառոց, սակայն Թուրքիայի նախագահը ներկայումս աթոռին հանգիստ նստած մնալու համար ունի Հայաստանի կարիքը: Ընդ որում՝ անկասկած, հենց այդ իրավիճակը հաշվի առնելով էր նաեւ, որ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց 2018-ի գարուն առանց հայ-թուրքական արձանագրությունների մտնելու մասին: Այդ հայտարարությունը դիտարկվեց իբրեւ վերջնագիր Թուրքիային, ինչը, թերեւս, չափազանցված սուր գնահատական էր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ հազիվ թե Սերժ Սարգսյանը չունենար քաղաքական համարժեք իրատեսություն պատկերացնելու համար, որ վերջնագրային տոնայնությունը հենց սկզբից փակում է որեւէ այլընտրանք: Սարգսյանի հայտարարությունը ոչ այնքան վերջնագիր էր, որքան ընդամենը Թուրքիային ակնարկ կամ խորհելու առիթ, որ իրադարձությունների զարգացումը, վաղ թե ուշ, առաջացնելու է Հայաստանի հետ հարաբերության գրեթե կենսական կարիք: Դա անուղղակի վերջին շանսն է Թուրքիային՝ աթոռի վրա նստած մնալու շանսը, եթե Թուրքիան կարողանա ձերբազատվել ադրբեջանական ճնշումներից եւ հայ-թուրքական հարաբերության գործընթացը դիտարկի Ադրբեջանի շահերից եւ հետաքրքրություններից անկախ, որոնք ոչ միայն նույնը չեն Թուրքիայի հետ՝ չնայած համընդհանուր տպավորությանն ու համոզմանը, այլ ակնհայտորեն սկսել են ավելորդ բեռ լինել Անկարայի համար:
Բանն այն է, որ ինչպես որեւէ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի համար, որը ուզում է լինել կովկասյան առանցքային խաղացողներից մեկը, այդպես էլ Թուրքիայի համար, որը նույնպես ունի այդպիսի հավակնություն, անհնար է Հայաստանի հետ հարաբերության բացակայության պայմաններում ստանալ այդպիսի տարածաշրջանային դերակատարում: Բանն այն է, որ Հայաստանը հետխորհրդային Կովկասի առանցքային պետությունն է այն պարզ պատճառով, որ հենց Հայաստանի ռազմական հաջողությամբ է ձեւավորվել նոր ստատուս քվոն: Հետեւաբար՝ կա՛մ փոխվում է ստատուս քվոն, իսկ այստեղ անհնարինությունն ալեւս չունի ավելորդ ապացույցի կարիք, եւ ընդամենը օրեր առաջ դա հաստատվեց անգամ Ռուսաստանի՝ ստատուս քվոյի փոփոխության հարցում վերջին տարիներին Ադրբեջանի սերտ դաշնակցի մակարդակով, կա՛մ չկա Հայաստանի հետ հարաբերության այլընտրանք: Իրադարձությունների զարգացումը Թուրքիային անշեղորեն բերում է հենց այդ ընտրության առաջ:
Իհարկե, իր հերթին հարց է, թե Հայաստանն ինքը կարո՞ղ է Անկարայի հետ հարաբերության կարգավորման որեւէ գործընթացի տեսանկյունից լինել լիարժեք ինքնուրույն: Բանն այն է, որ Թուրքիան նաեւ Հայաստանի այդ լիարժեք ինքնուրույնության համոզումով է նաեւ, որ պետք է կայացնի որոշումն ու գնա Ադրբեջանից անկախ գործելու, այսպես ասած, ռիսկին: Այդուհանդերձ, այստեղ, թերեւս, Թուրքիան կորցնելու բան չունի, որովհետեւ աթոռն արդեն ընկել է: Եվ եթե անգամ Թուրքիան համարում է, որ Հայաստանի հետեւում կարող են լինել Ռուսաստանը կամ Արեւմուտքը, միեւնույն է, նա չունի այլընտրանք, քան Հայաստանի հետ հարաբերության գնալը, այլապես՝ «աթոռը» ոչ միայն ընկած կմնա, այլ կլինի ոտնատակ, ի վերջո կոտրված՝ վերածվելով վառելափայտի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում