Այսօր կայացել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որին մասնակցել է նաև «Բարև Երևան» դաշինքից ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում կիսվել է առաջին նիստից ստացած իր տպավորություններով: «Այսօր, «Բարև Երևան» խմբակցության իմ ընկերների հետ մասնակցեցի քաղաքամայր Երևանի ավագանու անդրանիկ նիստին…Ասեմ, որ պատկերն այնպիսին էր, ինչպիսին որ պատկերացնում էի, միանմանություն, միակամություն, միատեսակություն, միաքվեարկություն, ավագանու անդամների մեծ մասին չէի/չեմ ճանաչում, նրանք առաջին օրը իմ աչքերին տարբերվում էին փոխկապների ու պիջակների գույներով… Հուսանք, որ հաջորդ նիստերին ավագանու ԲՀԿ անդամները այսօրվա քվերակության նման միաձայն չեն քվեարկի ՀՀԿ առաջարկություններին (ես իմ ասածին չհավատացի)…Հակառակ դեպքում ԲՀԿ ԱԺ մի քանի պատգամավոր խայտառակ կլինեն, ովքեր խոսք էին տալիս, որ այս ավագանին այլ է լինելու, և հավատացնում էին, որ դեռ կտեսնենք ով ով է լինելու…Ես ցանկանում եմ, որ հանրությունը ոչ միայն ԲՀԿ-ից, այլև ՀՀԿ-ից նույնպես լսի ողջամիտ առաջարկներ ու քվերակություններ… Հուսալը հանցագործություն չի, դարձյալ սպասենք ժամանակի իմաստուն դատավարությանը, և ամեն ինչ պարզ կլինի… Հ.Գ. Հարգելի քաղաքացիներ, լինելով ավագանու անդամ, հայտնում եմ իմ լիազորությունների շրջանակներում ձեզ ծառայալեու պատրաստակամությունը, շատ դեպքերում նաև այդ շրջանակներից դուրս. Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա հպարտ ու չկոտրվող քաղաքացիներին»,- գրում է Դավիթ Սանասարյանը: