2013 թ ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակում որեւէ դրական տեղաշարժ չկա։ Նրա համար բացված հաշվեհամարին գումար չի փոխանցվել։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հրաչյայի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը՝ նշելով, որ փեսան անհապաղ վիրահատության կարիք ունի․ «Նրա վիճակը նույնն էլ մնում ա էլի, պետք է վիրահատության ենթարկվի թե գիրժայի, թե թեւի տակ ուռուցք ունի, եւ սիրտն է։ Որ Հայաստանում է ոչինչ, դուրս է գալիս աշխատանքի, դա շատ մեծ նշանակություն ունի էլի։ Խոսքը հիմնականում 2 000 դոլարի մասին է, եթե լինի՝ կարվի վիրահատություն։ Քանի որ ինքը դեռ բերդում է, թեկուզ գնում-գալիս է, բերդը պիտի էդ հոգսերը տանի, նրանք էլ չեն անում, ասում են՝ մենք չունենք էդ հնարավորությունները»։

Վիկտոր Մարտիրոսյանը դիմել է նախագահին, որպեսզի Հրաչյա Հարությունյանը ներման արժանանա․ «Ասին՝ դեկտեմբերի 25-ին որոշում պետք է լինի, սպասում ենք»։

Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսին մոսկովյան դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման՝ մերձմոսկովյան Պոդոլսկից ոչ հեռու տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի գործով։ Հարությունյանի վարած «ԿամԱզ»-ը բախվել էր ուղևորատար ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ։