2011թ. մարտի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ‹‹Մեգո Գոլդ›› ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանի կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափի` 13 մլն 252 700 դրամ հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որը 21.03.2011թ. ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն: ‹‹Մեգո Գոլդ›› ընկերությունը պատկանում է ‹‹Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ին, որի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը նույնպես Աշոտ Պողոսյանն է:

Այս մասին տեղեկանում ենք մեր տրամադրության տակ հայտնված 01.07.2011թ. թվագրությամբ մի պաշտոնական պատասխանից, որը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Ռ. Մկրտչյանը հասցեագրել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մ. Թորոսյանին` վերջում նշելով, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Անշուշտ, հետաքրքիր է, թե ինչ ճակատագիր է ունեցել վերոնշյալ քրեական գործը, քանի որ արդեն անցել է ավելի քան 2 տարի, իսկ Ա. Պողոսյանն այս ամբողջ ընթացքում ազատության մեջ է և նույնիսկ իր պաշտոնին: Անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Ռաֆայել Մկրտչյանին:

‹‹Նախաքննությունը շարունակվում է, մնացածը չենք կարող ձեզ հայտնել, քանի որ դա նախաքննության գաղտնիք է››,- ասաց պարոն Մկրտչյանը:

Քննիչից տեղեկացանք նաև, որ քրեական գործի նախաքննությունն ընթանում է նույն` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակում: Այս դեպքում առավել ևս տարօրինակ է, որ, չնայած Աշոտ Պողոսյանի կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում մտցված տվյալների խեղաթյուրված լինելու ակնհայտությանը, քրեական գործի նախաքննությունն այսքան երկար` արդեն ավելի քան 2 տարի ձգվում է, թեև քննությունը երկու տարի կամ դրանից ավելի շարունակելով, նախաքննության մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ պահանջի խախտում թույլ չի տվել: Այն տպավորությունն է առաջանում, որ քրեական գործի նախաքննությունն իր տրամաբանական ավարտին չհասցնելով ու ձգելով, ոմանք ցանկանում են Ա. Պողոսյանին կախման մեջ կամ յուրօրինակ պատանդի կարգավիճակում պահել` հասկացնելով, որ եթե տնօրենը ներպետական կամ միջազգային ատյաններում փորձի ինչ-ինչ քայլեր ձեռնարկել Հայաստանի իշխանությունների, գործադիր իշխանության առանձին մարմինների կամ առանձին պաշտոնյաների դեմ, ապա քրեական գործի նախաքննությունը շատ արագ կավարտվի ու նա կհայտնվի դատարանում: Թե այս ենթադրությունը որքանով է համապատասխանում իրականությանը, ցույց կտա ժամանակը:

Ինչպես նշեցինք ‹‹Մեգո Գոլդ›› ընկերությունը պատկանում է ‹‹Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ին: Տևական ժամանակ է արդեն, ինչ շարունակվում է հանքարդյունահանմամբ զբաղվող այս երկու ընկերությունների և բնապահպանների հակամարտությունը` կապված Մելիք գյուղի մոտ (Արագածոտնի մարզ) Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցման նախապատրաստության և հիշյալ հանքավայրի բնապահպանական և միջավայրային խնդիրների հետ: Հանրությանը հայտնի են նաև ‹‹Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի և ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի փոխադարձ մեղադրանքները և սկանդալային հակամարտությունը:

Հիշենք նաև, որ 2007 թ. օգոստոսի 30-ին ‹‹Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի լիազորված անձ Աշոտ Պողոսյանը և ՀՀ կառավարության կողմից լիազորված անձ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ստորագրել էին հայտարարություն, որում մասնավորապես նշված է.

«Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն և Հայաստանի Հանրապետությունը հայտարարում են, որ կասեցրել են ՆՎԿՄԿ (Ներդրումային Վեճերի Կարգավորման Միջազգային Կենտրոն) արբիտրաժը մինչև համապարփակ հաշտության համաձայնագրի կնքումը: Կողմերը ձեռք են բերել սկզբունքային խորհրդապահական համաձայնություն, և ակնկալում են, որ հաշտության վերջնական համաձայնագիրը կկնքվի սույն հայտարարությունից տասն օրվա ընթացքում››: Սակայն այդ հաշտությունը դրանից ավելի քան 5 ամիս հետո` 2008 թ. փետրվարի 8-ի դրությամբ էլ դեռ չէր կնքվել: «Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի կողմից ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի Ներդրումային Վեճերի Կարգավորման Միջազգային Կենտրոնում ՀՀ-ի դեմ հարուցված արբիտրաժային հայցի դատաքաննությունը դեռ շարունակվում էր, որի կապակցությամբ նշված ընկերության հետ ընթանում էին բանակցություններ՝ հաշտություն ձեռք բերելու նպատակով: 2008թ. փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության և «Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի միջև կնքվել է հաշտության համաձայնագիր, որի բովանդակությունն առ այսօր հանրությանը հայտնի չէ:

Աղբյուրը՝ Փաստինֆո