«Առավոտ» թերթը գրում է. «Ամենայն հարգանքով հանդերձ բոլոր տեսակի հասարակական շարժումների հանդեպ՝ ես, այնուամենայնիվ, չեմ շտապում դրանց միանալ: Նախ՝ այն պատճառով, որ վերապահումներ ունեմ որեւէ «երամի» մեջ հայտնվելու հարցում: Եվ երկրորդ՝ փորձում եմ խուսափել պոպուլիստական, հուզական որոշումներից:
Արգելել Հայաստանում ռուսաստանյան ալիքների վերահեռարձակումը՝ այն հիմքով, որ այնտեղ երբեմն հակահայկական հաղորդումներ են սփռվում, ինձ այնքան էլ պայծառ գաղափար չի թվում: Նախ՝ կացնային պուտինյան քարոզչության կողքին այդ ալիքներով սփռվում են բարձրորակ, հետաքրքիր ոչ քաղաքական հաղորդումներ:
Երկրորդ՝ հեռուստաալիքներն այսօր վճռական ազդեցություն ունեն 50-ից բարձր լսարանի վրա, ավելի երիտասարդ մարդկանց մեծ մասը գերադասում է համացանցը: Իսկ համացանցում կարելի է գտնել ամեն ինչ՝ այդ թվում միանգամայն ողջախոհ, սոլիդ եւ անաչառ ռուսալեզու աղբյուրներ:
Բացատրել հայաստանյան հասարակությանը, որ պուտինյան քարոզիչներն ամեն քայլափոխի ստում են՝ դա թերեւս պետք է, բայց արգելել որեւէ բան… մենք դա արդեն անցել ենք:
Մանդատից զրկել Հակոբ Հակոբյանին՝ այստեղ ես ավելի շատ վերապահումներ ունեմ: Եթե նույնիսկ կան համապատասխան իրավական մեխանիզմներ, ճի՞շտ է արդյոք մանդատից զրկել պատգամավորին իր արտահայտած ցանկացած՝ ժողովրդական կամ հակաժողովրդական, խելացի կամ տխմար մտքի համար: Այո, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահը պետք է հասկանա, որ կարագը կամ միսը շքեղության առարկաներ չեն, դրանք մտնում են ցանկացած ժամանակակից մարդու սննդակարգի մեջ, եւ դրանց թանկացումը շատ ցավագին հարված է հասցնում մեր անապահով խավերին: Աղքատ երկրում ապրող քաղաքական գործիչը պետք է նաեւ 10 անգամ մտածի՝ աղքատության մասին որեւէ դատողություն անելուց առաջ:
Բայց, կրկնեմ, արտահայտած տեսակետի համար մանդատից զրկելը կարող է վատ նախադեպ լինել: Պատգամավորին «պատժելու» լավագույն ձեւը նրան այլեւս չընտրելն է, եւ նորմալ հասարակությունում Հակոբ Հակոբյանը այլեւս երբեք պատգամավոր չէր դառնա: Բայց կգա ընտրությունների ժամանակը, ընտրողներին կհիշեցնեն Հակոբյանի «բարեգործությունները», եւ մանդատը կրկին կհայտնվի այդ պատգամավորի գրպանում: Եվ վերջապես՝ ինչո՞վ է Հակոբ Հակոբյանը տարբերվում իր խմբակցության անդամների մեծամասնությունից: Որ ասում է այն, ինչ մտածո՞ւմ է, իսկ մնացածը թաքցնո՞ւմ են իրենց արհամարհանքը աղքատների հանդեպ:
Թաքցնելն ավելի լա՞վ է: Ընկերներիցս մեկը հետեւյալ զուգահեռը բերեց: Հրայր Թովմասյանն ասում է, որ պետք է հետեւողական աշխատանք տանել իշխանությունների թեւերը տարանջատելու համար: Նույն խմբակցությունից Մանվել Գրիգորյանն ասում է՝ «մեխն էլ է քո ձեռը, չագուչն էլ»: Ո՞վ է ավելի անկեղծ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում