Lragir.am-ը գրում է.

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում «սխալ են որակել» Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու մասին ԱՄՆ նախագահ Թրամփի որոշումը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Էրդողանը Ալիեւին հրավիրել է Երուսաղեմի հարցի վերաբերյալ Ստամբուլում պատրաստվող Վեհաժողովին: Ալիեւը բնականաբար ընդունել է հրավերը: Այլ կերպ թերեւս չէր էլ լինի, քանի որ ԱՄՆ նախագահի որոշումը Ալիեւի համար իսկապես մտահոգիչ է:
Թրամփի որոշումը մտահոգել է իսկապես շատ աշխարհքաղաքական սուբյեկտների եւ ուժային կենտրոնների: Մտահոգության առարկան այն է, որ ԱՄՆ նախագահի որոշումը մեծ դժգոհությամբ ընդունած արաբական աշխարհը կարող է գնալ իրավիճակի սրման, ինչը կբերի Մերձավոր Արեւելքի առանց այդ էլ թեժ տարածաշրջանի էլ ավելի թեժացմանը:
Խոշոր հաշվով, այդ թեժացումը կարող է որոշակի մտահոգության հիմք լինել նաեւ Հայաստանի համար, քանի որ Երուսաղեմում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում կան հայկական համայնքներ, թեժացումը կարող է վտանգի տակ դնել հայերին, եւ բացի այդ՝ կա նաեւ Երուսաղեմում հայկական եկեղեցապատկան իրավասությունների խնդիրը:
Այդ ամենով հանդերձ, Երեւանը միանգամայն խոհեմաբար բավական չեզոք արձագանք է տվել Երուսաղեմկի ճանաչման վերաբերյալ Թրամփի որոշմանը, ասելով, որ խնդիրը պետք է կարգավորվի իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցության տիրույթում, եւ միեւնույն ժամանակ նաեւ պարզապես հիշեցնելով Հայ Առաքելական եկեղեցու ձեւաչափով Երուսաղեմում հայկական իրավունքների առկայության հարցը:
Այլ կերպ ասած, Երեւանը նախ արաբական աշխարհին դեմ չի գնացել եւ հարգել է այդ աշխարհի մոտեցումները, միեւնույն ժամանակ նաեւ բավական նուրբ ազդակներ է հղել Միացյալ Նահանգներին, այն իմաստով, որ ամենեւին մտադիր չէ դառնալ կոնֆլիկտի կողմ, սակայն գործընթացում իրավատեր է քաղաքակրթական հենքով աշխարհքաղաքական տրենդի մասնակից լինելու իմաստով, բնականաբար ակնկալելով նաեւ այդ տրենդի տարածում արդեն անմիջականորեն հայկական պետականությանը առնչվող խնդիրների, այդ թվում կոնֆլիկտների մասով:
Ադրբեջանի նախագահին ամենից ուժեղ մտահոգում է հենց այդ՝ տարածման վտանգը, ոչ թե Երուսաղեմի իրավիճակի կամ Մերձավոր Արեւելքի կայունությունը եւ խաղաղությունը: Բանն այն է, որ Թրամփի որոշման մեջ Ալիեւի համար ամենամտահոգիչը որոշման հիմնավորումն է, որ տալիս է ԱՄՆ նախագահը՝ «իրականության ճանաչում»:
Բանն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եռյակի շրջանակում աստիճանաբար ձեւավորվում է «իրականության ճանաչման» որոշակի կոնսենսուս, որը հատկապես արագացել է ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանը տապալվեց ռազմական լուծման փորձի ընթացքում: Այդ լուծումը Բաքուն ստացել էր համանախագահներից մեկի՝ Ռուսաստանի անմիջական քաղաքական եւ ռազմա-տեխնիկական աջակցությամբ:
Միեւնույն ժամանակ, Բաքուն ստացել էր նաեւ հայկական դիվանագիտության մի շարք լրջագույն սխալների հետեւանքով մյուս երկու համանախագահներ Ֆրանսիայի եւ ԱՄՆ առնվազն լուռ «հավանությունը», թեկուզ չխանգարելու տեսքով: Այսինքն, ապրիլյան ագրեսիային գնացող Ադրբեջանն ուներ համանախագահության որոշակիորեն լուռ, բայց «կոնսենսուսային» իրավիճակ:
Բաքուն տապալվեց, եւ բացառելի չէ ընդհուպ այն, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ըստ էության հենց այդ տապալմանը չխանգարեցին, ունենալով համոզում, որ հայկական զինուժը լիովին ունակ է տապալել ադրբեջանական ագրեսիայի եւ ստատուս-քվոն փոխելու ռուս-ադրբեջանական գործարքի փորձը, ինչը նշանակելու էր նաեւ Ռուսաստանի տարածաշրջանային դեստրուկտիվ, ռազմական շանտաժի վրա հենված քաղաքականության տապալում:
Գործնականում հենց դա էլ տեղի ունեցավ, փոխելով իրավիճակը, եւ ապրիլյան պատերազմից հետո արդեն Ռուսաստանը առավել խորքային եւ վերջնական տապալումից խուսափելու համար հարկադրված էր փոխել Հայաստանի խնդիրների հանդեպ իր քաղաքականությունը եւ միանալ «իրավիճակը ճանաչելու» եռանախագահության «կոնսենսուսին»: Առայժմ Մոսկվան դրան միացել է մարտավարական ռեժիմում, սակայն որոշակի քաղաքական զարգացումների, այդ թվում Հայաստանի պետական քաղաքականության համարժեքության պայմաններում այդ կոնսենսուսը ուշ թե շուտ կարող է ստանալ ռազմավարական բնույթ, եւ ինչպես Երուսաղեմում, այնպես էլ Արցախում «իրականությունը կճանաչվի» Ստեփանակերտում ամերիկյան, ռուսական եւ ֆրանսիական դեսպանատների տեսքով:
Իսկ դատելով նաեւ օրերս իրանական հեղինակավոր լրատվամիջոցներում Արցախի արտաքին գործերի նախարարի հետ ծրագրային հարցազրույցի լայն հրապարակումից, Թեհրանը պատրաստ է Արցախում լինել չորրորդը, եթե այդ հարցազրույցից դատելով արդեն իսկ առաջինը չէ «իրականությունը ճանաչելու» հարցում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am