Երևանի քաղաքապետարանը «Ավստրիական ավիաուղիներ», «SmartRunning» և AIMS–ի (Մարաթոնների և վազքի միջազգային միություն) ընկերությունների հետ հունիսի 9-ին արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացրել է «Երևան. բիզնես-վազք 2013» (Yerevan Business Run-2013) մրցավազքը: Միջոցառման գլխավոր նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն ու մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրերին մասնավոր հատվածի ներգրավումն է: Մրցավազքի երթուղին մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածից և շարունակվել Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով մինչև սկզբնակետ և այսպես՝ երեք անգամ. մրցուղին կազմել է 10 կիլոմետր: Բարեգործական վազքին մասնակցել են շուրջ 30 երևանյան և արտասահմանյան ընկերություններ: Ընդհանուր առմամբ այս տարի «Երևան. բիզնես-վազք 2013»-ին մասնակցել է ավելի քան 200 մարդ: Մրցավազքին երկու տարբեր տարիքային խմբերով մասնակցել են նաև երեխաներ` 500 և 1000 մետր վազքուղով: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևանից ու նաև մարզերից ժամանած և մրցավազքին մասնակից փոքրիկները հնարավորություն են ստացել «Երևան Սիթի Տուր» ծրագրի ավտոբուսներով անվճար շրջելու մայրաքաղաքով և ծանոթանալու պատմամշակութային վայրերին: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ կանանց և տղամարդկանց տարիքային տարբեր խմբերի անհատական պայքարում երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրած վազորդներն ստացել են մեդալներ, իսկ պատվավոր առաջին հորիզոնականում գտնվողներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանձնվել են ժամացույցներ: Թիմային փոխանցավազքի արդյունքներով առաջին ու գլխավոր մրցանակակիր «Ռեսո» ապահովագրական ընկերության վազորդները հնարավորություն են ստացել նաև մասնակցելու «Վիեննա. բիզնես-վազք» ամենամյա մարաթոնին: Ի դեպ, մեդալներ են ստացել մրցավազքի բոլոր մասնակիցները: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին` մասնակիցները կարևորել են մասնավոր ընկերությունների մասնակցությունը մայրաքաղաքի բնապահպանական ծրագրերին և հույս հայտնել, որ հաջորդ տարի ևս հնարավորություն կունենան կրկին մասնակցելու և իրենց փոքրիկ ներդրումը բերելու Երևանի զարգացման գործում: Նշենք, որ մրցավազքից հավաքված գումարը տրամադրվելու է մայրաքաղաքի այգիներից մեկի վերականգնմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն