Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ճակատագիրը «Օլդ Թրաֆորդում» շարունակում է հարցականի տակ մնալ:
Անգլիական «The Sun»-ը հայտնում էր, որ հայ ֆուտբոլիստը և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդիպում են ունեցել, որի մանրամասները հայտնի չէ: Այժմ, երբ մոտենում է տրանսֆերային պատուհանը, շատ են Մխիթարյանի հեռանալու մասին խոսակցությունները: Հաղորդվում է, որ կիսապաշտպանին իրենց կազմում են ցանկանում տեսնել «Բորուսիա Դորտմունդը» և «Ինտերը»:
«Կարմիր սատանաները» լրջորեն հետաքրքրված են «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններով, սակայն գերմանացու տեղափոխությունը իրականացնել դժվար կլինի: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ Օզիլը պատրաստվում է նոր պայմանագիր կքնել լոնդոնցիների հետ:
Այս փաստը ստիպել է «կարմիր սատանաների» ղեկավարներին Մխիթարյանին փոխարինելու այլ տարբերակներ գտնել: «Ibtimes»-ը հայտնում է, որ մանկունիանցիների տրանսֆերային թիրախում է հայտնվել «Հոֆենհայմի» կիսապաշտպան Նադիեմ Ամիրին:
21-ամյա խաղացողի արժեքը կազմում է 20 մլն եվրո: Լրատվամիջոցները նշում են, որ մանչեսթերյան ակումբը հունվարին տրանսֆերային առաջարկ կանի գերմանական ակումբին: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը» և «Արսենալը»: