Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 14-ի «Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին» N1 արձանագրությունը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի համապատասխան՝ գումարվել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը: Ավագանու 65 անդամներից նիստին ներկա են եղել 64-ը: Նախքան նիստի սկսվելը, սահմանված կարգով, գրանցվել են ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների անդամները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անդրանիկ նիստը վարող ավագանու տարիքով ավագ անդամ` Աստղիկ Գևորգյանը ներկայացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանն օրենքի ուժով ընտրվել է Երևանի քաղաքապետ: Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում ստացել է 42 մանդատ, ԲՀԿ-ն`17, «Բարև Երևան» դաշինքը՝ 6:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին, ինչպես նաև ողջունել «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների մուտքը Երևանի ավագանի: Իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է. «Նախորդ չորս տարիներն իսկապես արդյունավետ էին ավագանու ինստիտուտի կայացման և համակարգված աշխատանքի առումով, ինչն արդեն լավ հիմք է առաջիկա տարիների բեղմնավոր գործունեության համար: Ողջունում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ավագանու կազմում, ողջունում եմ «Բարև Երևան» դաշինքի մուտքը Երևանի ավագանի և բոլորիս մաղթում եմ արդյունավետ, կառուցողական գործունեություն` ի նպաստ Երևանի ու երևանցիների: Մենք եկել ենք տարբեր ծրագրերով, բայց իրականում շատ ընդհանուր նպատակներով ու Երևանի ապագայի մասին ընդհանուր պատկերացումներով: Բոլորս էլ մտահոգ ենք երևանցիների հոգսերով ու խնդիրներով, շահագրգիռ ենք Երևանի զարգացման ծրագրերով և աշխատելու ենք, մեր ներուժն ու հնարավորությունները Երևանին ու երևանցիներին ծառայեցնելու պատրաստակամությամբ: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մայրաքաղաքի բնակչությանը մեր ստացած վստահության քվեի համար, մայրաքաղաքի կառավարման ուղղությամբ մեր ծրագրերին հավանություն տալու համար: Վստահեցնում եմ, որ երևանցու հույսերը անպայման արդարացնելու ենք: Առաջիկա տարիներին մեր կարևորագույն նպատակներից մեկը քաղաքային իշխանություն - երևանցի հետադարձ կապի, ինչպես նաև քաղաքային իշխանության նկատմամբ երևանցիների վստահության առավել ամրապնդումն է: Համոզված եմ, որ փոխվստահության մթնոլորտը, կառավարման նոր մշակույթը և քաղաքապետարանի աշխատանքները էլ ավելի տեսանելի կդարձնեն ավելի լավ, ավելի հարմարավետ ու բարեկարգ քաղաք ունենալու մեր նպատակների ու ծրագրերի արդյունքը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բնակչության հետ մեր կապը դրվի գործնական հիմքերի վրա. ցանկացած լավ գաղափար կամ առաջարկ լսելի լինի, հավանության արժանանա: Քննադատության հետ պետք է հաշվի նստել, բողոքները՝ ուսումնասիրել, պատճառները հասկանալ ու գտնել հնարավոր լուծումներ: Պետք է աշխատենք նոր եռանդով, որպեսզի օր առաջ լուծված տեսնենք երևանցուն հուզող խնդիրները, որպեսզի Երևանի ամեն վաղվա օրը տարբերվի նախորդ օրվանից և իրոք լինի ավելի լավ Երևան: Սա է մեր առաքելությունը, երևանցու պահանջն ու սպասելիքը: Աշխատենք բոլորս միասին, շարունակենք մեր ծրագրերը, նոր ծրագրեր կյանքի կոչենք` մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի կենցաղն ու առօրյան առավել բարելավելու ու մայրաքաղաքային լիարժեք մթնոլորտ ստեղծելու ձգտումներով: Հաջողություն եմ մաղթում մեր աշխատանքներին և բարի երթ մեր գործունեությանը՝ ի շահ Երևանի ու երևանցու»:
Օրակարգի համաձայն, Երևանի ավագանին նաև հաստատել է ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀԿ խմբակցության անդամ Սուրեն Ներսիսյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը և «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Օրակարգի հաջորդ հարցով Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետի երդմնակալության առիթով ավագանու նիստ գումարելու օրը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:
Ավագանու որոշմամբ՝ Երևանի ընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11:00-ին` Երևանի ավագանու հատուկ հրավիրված նիստում։
Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև մշտական հանձնաժողովների կազմը: Կանոնակարգի համաձայն՝ ավագանու մշտական չորս հանձնաժողովներից, քվեարկության համաձայն, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, տեղակալ՝ ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ խմբակցության անդամ Թամարա Պողոսյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը: Ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանը:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները, խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարության համաձայն, հրաժարվել են մասնակցել քվեարկություններին:
Երևանի ավագանին որոշել է ավագանու հերթական հաջորդ նիստը հրավիրել սեպտեմբերի 10-ին:
Նիստի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: