Եթե հիշում եք, մենք ունեինք «հայկական Մոուրինյո», որն անցյալ տարի հայտարարեց, որ ինքն է լավագույն մարզիչը, բայց կատարվել է սխալ ընտրություն:
Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է ՀՖՖ-ի «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկությունն այլեւս չանցկացնելու պատճառների մասին:
«Անընդհատ ինչ-որ շահարկումներ ու խոսակցություններ են լինում, որ տարվա լավագույն մարզիկ, մարզիչ քվեարկություններն անարդար են, այդ պատճառով այս տարի որոշել ենք ֆեդերացիայի քվեարկությունն անցկացնել ավելի արդար ու բաց՝ չնայած ամեն տարի էլ այն բաց է եղել: Որպեսզի շահարկումներն ավելի քիչ լինեն, մենք հանել ենք ՀՖՖ Գործկոմի անդամների քվեարկությունը, որով կփորձենք ֆեդերացիային ավելի շատ հեռու պահել նման թեմաներից:
Այս տարի առանձին տարվա լավագույն մարզիչի քվեարկությունը չի եղել: Իրականում, միշտ էլ չի եղել: Ես գտնում եմ, որ մենք ճիշտ չենք արել ժամանակին, որ սահմանել ենք այդ մրցանակը: Հիմա որպեսզի խոսակցություններ չլինեն, թե ո՞վ պետք է քվեարկի, ով` ոչ, ով է արդար, ով՝ ոչ: Եթե հիշում եք, մենք ունեինք հայկական Մոուրինյո: Նա անցյալ տարի հայտարարեց, որ ինքն է լավագույնը, բայց սխալ ընտրություն է արվել: Նման բաներից խուսափելու համար, ավելի լավ է չանցկացնենք լավագույն մարզիչ քվեարկությունը: Հետագայում գուցե անհրաժեշտություն լինի, հանրության հետ նորից կքննարկենք, կմտցնենք»,- ասել է ՀՖՖ նախագահը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի լավագույն մարզիչ էր ճանաչվել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, իսկ «Ալաշկերտին» Հայաստանի չեմպիոն դարձրած Աբրահամ Խաշմանյանը գրավել էր երկրորդ տեղը: Հատկանշական է, որ «Տարվա լավագույն մարզիչ» հարցմանը մասնակցած բոլոր մարզական լրագրողները (բացառությամբ մեկի) առաջին տեղում նշել էին Աբրահամ Խաշմանյանի անունը, իսկ Վարդան Բիչախչյանն առավելություն էր ստացել ՀՖՖ Գործկոմի եւ Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում:
Նյութի աղբյուրը` NEWS.am