Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, ստացել համապատասխան դեղորայքային նշանակումներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը` Սեդա Ղուկասյանը` նշելով, որ Նարեկն այժմ տանն է շարունակում բուժումը:
«Ճիշտն ասած երեխայի համար այդքան էլ հարմար չէր ակնաբուժական կենտրոնում մնալը, քանի որ աչքը վիրակապված է, որոշակի խնդիրներ էին առաջանում, դրա համար նախընտրեցինք բուժումները տանը շարունակել»,-ասաց տիկին Սեդան:
Նարեկի մայրը նշեց, որ վաղն էլ այցելելու է ակնաբուժական կենտրոն` ստանալու տղայի աչքի վնասվածքների մասին դիագնոզը եւ համապատասխան նշանակումները:
Նշենք, որ Ստեփանակերտում Նարեկի մեկ աչքը հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի, դրական տեղաշարժ կա։
Ավելի վաղ գրել էինք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել ականապայթյունային վիրավորում: