Ի՞նչ գույնի հագուստով դիմավորել Ամանորի կախարդական գիշերը: Այս հարցն ամեն տարվա դեկտեմբեր ամսին հուզում է բազմաթիվ կանանց եւ աղջիկների: Այս տարի հարցի պատասխանը ստանալու նպատակով NEWS.am STYLE-ը զրուցել է դիզայներ եւ ոճաբան Արմինե Մարտիրոսյանի հետ.

«Ինչպես հայտնի է՝ 2018 թվականը դեղին շան տարի է, իսկ նորաձեւ կանայք, ինչպես ասում են, զգեստի գույնն ավելի շուտ են որոշում, քան դրա ձեւվածքը: Թվում է, թե դեղին շան տարին պետք է դիմավորել դեղին գույնի մեջ, բայց այդ երանգը ոչ բոլորին է սազում: Բարեբախտաբար, 2018-ի գունային գամման բավականին մեծ է: Ի դեպ, տարվա նորաձեւ գույն է հայտարարվել ուլտրամանուշակագույնը:

Բայց եթե ցանկանում եք այդ գիշեր դեղին գույնի ինչ-որ բան կրել, կարելի է նախընտրությունը տալ ոչ վառ դեղին երանգի աքսեսուարներին, օրինակ՝ կարող եք այդ գույնի բրոշ կրել, կամ էլ՝ նման պրինտով հագուստ ընտրեք»,-ասում է Արմինեն՝ փաստելով, որ ինչպես յուրաքանչյուր տարի՝ այս տարի եւս կարմիը արդիական երանգ կլինի Ամանոր գիշերվա համար.

«Սովորաբար, Ամանորին կարմիր գույնը գերակշռում է: Ինչպես ասում են՝ կարմիր գույնով Նոր տարին դիմավորելը լավ նշան է»,-համոզված է դիզայները, որը խորհուրդ է տալիս տարվա ամենահեքիաթային գիշերվա համար ընտրել այնպիսի զգեստ, որը պրակտիկ եւ միեւնույն ժամանակ տոնական կլինի:

«Տոնական լուծումներ կարելի է տալ պարզ ձեւվածքի միատոն զգեստին՝ այն որեւէ գեղեցիկ աքսեսուարի հետ համադրելով: Ցանկալի է, որ այն փայլի. որքան շատ փայլ, այնքան ավելի լավ, քանի որ այս սեզոնին փայլերը շատ թրենդային են՝ թե՛ հագուստի, թե՛ դիմահարդարման մեջ: Նաեւ թրենդի մեջ կշարունակեն մնալ ծոպերը»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան


Նյութի աղբյուրը` NEWS.am STYLE