ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեցին գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների մասին հարցերը։

Գազի սակագինը, ինչպես եւ Հայաստանում, մինչեւ 10.0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար 1 խորանարդ մետրը կկազմի 156 դրամ։

Այս սակագինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից, իսկ ահա 10.0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի նոր սակագինը / հազար խորանարդ մետրի արժեքը՝ 290 դոլար/ կգործի հուլիսի 10-ից։

Այսօր քննարկման էր դրված նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը. հանձնաժողովը որոշեց այն սահմանել՝ ցերեկային ժամերի համար 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային ժամերի համար՝ 33 դրամ/կՎտժ։ Հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը սակայն նշեց, որ բնակիչների համար սակագինը չի փոխվի, քանի որ վարչապետից գրություն են ստացել, ըստ որի՝ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել ցերեկայինի համար 13, իսկ գիշերայինի համար՝ 8 դրամի չափով, ինչը նշանակում է, որ բնակիչների համար տարբերություն չի լինի՝ գիշերն են էլեկտրաէներգիա սպառում, թե ցերեկը՝ կվճարեն 25 դրամ։ Ի դեպ, ներկայում ցերեկային ժամերի սակագինը 25 դրամ է, գիշերայինը՝ 15 դրամ։ Նոր սակագները կգործեն հուլիսի 10-ից։

Նոր սակագին սահմանվեց նաեւ խմելու ջրի եւ ջրահեռացման մասով. այստեղ բնակիչների համար սակագինը կմնա նույնը՝ 1 խորանարդ մետր ջրի դիմաց կվճարեն 100 դրամ, ջրահեռացման ծառայության համար՝ 12 դրամ, իսկ ահա այլ սպառողների համար խմելու ջրի խորանարդ մետրը հուլիսի 10-ից կկազմի 134 դրամ, իսկ ջրահեռացմանը՝ 16 դրամ,-այս մասին գրում է karabakh-open.info։