Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ մի երրորդ կարգի ցեղատեսակի վրա ուզում են ընդամենը հերթական փորձարկման փուլն ավարտել, հետո հասկանալ դրա արդյունքները։ Այս մասին ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումների հարցով լսումների ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ ուսումնասիրել է գարդասիլ պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ միջազգային լրատվամիջոցների հրապարակումները, այս հարցը քննարկել է մասնագետների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայում: «Գնահատականը մեկն է. այս պահին չենք կարող խոսել դրա վնասակարության մասին, որովհետեւ փորձարկումների արդյունքները հասկանալու համար դեռ շատ քիչ ժամանակ է անցել»,- ասաց նա:
Դիմելով Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին՝ պատգամավորը հավելեց, որ կարելի էր սպասել, ստանալ պատվաստման ավելի երկարաժամկետ արդյունքներ, եւ հետո միայն այն ներդնել: Իսկ մինչ այդ կարելի էր գնալ ավելի կարճ եւ ռիսկեր չպարունակող ճանապարհով՝ կանանց շրջանում անցկացնել արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտություններ: Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ երկրում իսկապես քաղցկեղային հիվանդությունների աճ է դիտվում, բայց դրա մեղավորը ե՛ւ վատ սնվելն է, ե՛ւ օդի աղտոտումը, ե՛ւ մի շարք այլ գործոններ, որոնք պապիլոմայի վիրուսի հետ կապված չեն:
«Ուզում եմ հասկանալ՝ ինչն է նման հրատապության խնդիրը, որ մենք չենք սպասում ամբողջական պատկերը ունենանք փորձաքննությունների։ Այսքան սպասել ենք, էլի կարող էինք սպասել, որովհետեւ երկրներ կան, որտեղ մի փուլ պատվաստելուց հետո հրաժարվել են»,- ասաց նա:
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշեց, որ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հարցում մեքենաների արտանետումները եւ այլն «մեղավոր չեն», այն առաջանում է բացառապես պապիլոմայի վիրուսի հետեւանքով: «Վակցինան հայտնաբերելուց հետո մեր խնդիրն էր օր առաջ ներդնել այդ վակցինան Հայաստանում»,- ասաց նա:
Խոսելով մասնագետների կարծիքի մասին՝ նախարարը նշեց, որ ԱՆ-ի համար վերջնական է համարվում համաշխարհային կոլեկտիվ գիտական մտքի արդյունքը, իսկ հատկապես՝ ԱՀԿ մայիսի 27-ի զեկույցը, որում նշված է որ ԱՀԿ-ն միանշանակ խորհուրդ է տալիս բնակչությանը գարդասիլով պատվաստել, եւ երաշխավորում է պատվաստանյութի 100-տոկոսանոց անվտանգությունը:
Հետևեք NEWS.am