Թուրքական Turkishnews.com կայքի լրագրող եւ սյունակագիր Ահմեդ Գյուլերը դատապարտել է Թուրքիայի նվիրվածությունը Պաղեստինին՝ հիշեցնելով, որ Պաղեստինը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Ահմեդ Գյուլերը Turkishnews.com կայքում իր հրապարակման մեջ նշում է, որ Պաղեստինի համար Թուրքիան աշխարհին ոտքի կանգեցրեց, Արեւելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչեց, սակայն մոռացավ, որ Պաղեստինը 2015–ին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առթիվ նամականիշ էր թողարկել։

Թուրք լրագրողը հիշեցրել է նաեւ 2016–ի հունվարի 18–ին հայկական Սուրբ Ծնունդի ժամանակ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի խոսքերը. «Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում պատարագից հետո իր խոսքում Մահմուդ Աբասն ասեց, որ հայերն այս երկրի աղն են եւ երբեք չեն լքելու այս հողերը։ Պաղեստինի ժողովրդի վիճակը Մահմուդ Աբասը նմանեցրել է Հայոց ցեղասպանության տարիներին հայերի վիճակին։ Բացի այդ նա Պաղեստին է հրավիրել իր հայաստանցի գործընկեր Սերժ Սարգսյանին եւ հույս հայտնել, որ Հայաստանի նախագահը կընդունի հրավերը»,–գրել է Turkishnews.com–ի սյունակագիրը։