Այն, ինչ րոպեներ առաջ տեղի ունեցավ ԱԺ-ում, մեզ համար անընդունելի է եւ խորհրդարանական պետության համար նման գործելաոճն անընդունելի է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է ԱԺ ամբիոնից «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանի՝ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության հետ կապված պատմությանը:
«Նապոլեոն Ազիզյանը չի մասնակցել «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկությանը: Խորհրդարանական պետության համար նման գործելաոճն անընդունելի է: Ուզում եմ պաշտոնապես հրապարակել Նապոլեոն Ազիզյանի դիմումը, որը ներկայացվել է արդեն իսկ ԱԺ նախագահին»,-ասաց նա եւ ընթերցեց դիմումը, որ օրենքի նախագծի քվեարկությանը նա չի մասնակցել ինչպես եւ խմբակցության բոլոր անդամները, քանի որ խմբակցության կողմից քվեարկությանը չմասնակցելու որոշում է եղել. «Մենք չենք մասնակցել եւ ստեղծված իրավիճակը գնահատելով՝ առհասարակ դուրս ենք եկել դահլիճից»:
Վահե Էնֆիաջյանի խոսքով, հայտարարությունները, թե Ազիզյանը տեղից չի հայտնել իր սխալ քվեարկությունը, ինչը ճիշտ չէ. «Նա տեղից բացականչել է, որ չի մասնակցել, մոտեցել է քարտուղարությանը եւ մոտեցումները ներկայացրել, որ այս կոճակը սեղմվել է, եղել է տեխնիկական հարց»:
Ի պատասխան ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց. «Ես պարզ եւ բացահայտ բոլորի ներկայությամբ հայտարարեցի, որ Ազիզյանը չի արտահայտել այդ պահին իր կարծիքը, որ չի քվեարկել կամ դեմ է քվեարկել, այնինչ Մախմուդյանը ներկայացրել է, որ չի աշխատել կոճակը եւ կողմ է»: Բացի դրանից՝ ԱԺ նախագահն ընթերցեց ԱԺ կանոնակարգ օրենքի 60-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ քվեարկության ավարտից հետո նիստը նախագահողը հայտարարում է քվեարկության արդյունքների մասին, որից հետո կողմ, ձեռնպահ, չքվեարկելը չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվել է 63 կողմ ձայներով ու մեծ աղմուկով:
Բանն այն է, որ այս օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի ձայները՝ այսինքն առնվազն 63 ձայն, սակայն ցուցատախտակը ցույց էր տալիս, որ կողմ է քվեարկել 61 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի կոճակը չի աշխատել, եւս մեկ կողմ ձայն Արփինե Հովհաննիսյանի կողմից է, ով ներկա չէ նիստին, սակայն նախապես տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու: Սակայն ընդդիմությունը պնդում էր, որ ըստ ցուցատախտակի, կողմ է քվեարկել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը, ով իրականում դեմ է եղել:
Ազգային ժողովում քվերակությունից հետո խառնաշփոթ սկսվեց: «Ելք» դաշինքի պատգամավորները պահանջեցին օրենքի նախագիծը նորից դնել քվեարկության, սակայն նրանց պահանջը չկատարվեց: «Ելք»-ի պատգամավորները սկզբում սկսեցին բռունցքներով հարվածել սեղաններին, ապա հայտարարեցին, որ լքում են նիստերի դահլիճը եւ չեն մասնակցելու «կոմեդիա» քվեարկություններին:


