ԱՄՆ-ն պատժամիջոցներ է ընդունել նախկին խորհրդային երկրներից 10 քրեական հեղինակությունների դեմ: Նրանց թվում է նաև հայազգի Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով: Պատժամիջոցների են ենթարկվելու նաև Վլադիմիր Տյուրինը (Տյուրիկ), Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Ալիմժան Տոխտախունովը (Տայվանչիկ) և ուրիշներ:
Պատժամիջոցներն ԱՄՆ քաղաքացիներին արգելում են բիզնես անել նշված մարդկանց հետ: Նրանք չեն կարող ԱՄՆ մտնել, իսկ ԱՄՆ տարածքում գտնվող նրանց ակտիվները սառեցվելու են:
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նշել է, որ պատժամիջոցների նպատակն է միջազգային հանցավոր խմբերի ֆինանսական ենթակառուցվածքների թուլացումը:
Ռուբեն Թաթուլյանը, ըստ ԱՄՆ իշխանությունների, 2010 թվականին Սոչի քաղաքի «նայող» է նշանակավել: 2015 թվականին ձերբակալվել է Սոչիում «օրենքով գողերի» հանդիպման ժամանակ: Բացի այդ, Թաթուլյանը «օրենքով գողերին» բազմիցս իրավական աջակցություն է ցույց տվել:
Հիշեցնենք, որ Ռուբեն Թաթուլյանը Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է, որը նախաձեռնել են Հայաստնաի վարչապետ Կարեն Կարապետյանը և գործարար Սամվել Կարապետյանը:
Այս տարվա մայիսին Թաթուլյանը սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Մամուլը գրել էր, որ չեխական ոստիկանությունը ձերբակալել է նրան օրենքով գողերի թագադրման ժամանակ: Պարզվել է նաև, որ Թաթուլյանը Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am