Երեւանում 2015թ. դեկտեմբերի 24-ին «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության մեջ մեղադրվող Կարեն Շահինյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, դտապարտվեց 13 տարվա ազատազրկման:
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց դատավճիռը, որի համաձայն, Կարեն Շահինյանին առաջադրված մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, վերաորակվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ նա դատապարտվեց 13 տարվա ազատազրկման: Դատարանը նաեւ բավարարեց տուժող կողմի քաղաքացիական հայցը. ամբաստանյալը 1 մլն 5 հարյուր հազար դրամ կվճարի սպանվածի ընտանիքին:
Դատավճռի հրապարակումից հետո սպանվածի մայրը սկսեց վիրավորական արտահայտություններ անել Կարեն Շահինյանի հասցեին:
Նշենք, որ մեղադրողը 18 տարվա ազատազրկում էր պահանջել, իսկ տուժող կողմը՝ ցմահ ազատազրկում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում դատված Կարեն Շահինյանը դեպքի օրը խաղադրույքներ է կատարել եւ պարտվելուց հետո շահադիտական դրդումներով, այն է՝ ընկերության գրասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է հիշյալ գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանին:
Կարեն Շահինյանը դեպքից հետո գտնվում էր հետախուզման մեջ, նա հայտնաբերվել է Ռուսաստանում եւ Հայաստան է տեղափոխվել 2016թ. սեպտեմբերին: