«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երկմտում է Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցում:
Այս մասին գրում է Express.co.uk-ը: Պարբերականի պնդմամբ, պորտուգալացի մասնագետը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Մխիթարյանի վերաբերյալ: Հայ կիսապաշտպանը շարունակում է մարզվել` լավագույն մարզավիճակին հասնելու համար: Նույն իրավիճակում է նաև Խուան Մատան:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 9 խաղերից միայն երեքին` խաղադաշտ դուրս գալով հանդիպման վերջին 20 րոպեներին: Մնացած խաղերում Մխիթարյանը չի ընդգրկվել նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում: Իտալական և բրիտանական մամուլը հեղեղված են Մխիթարյանի տրանսֆերի մասին տարաբնույթ լուրերով: Իտալական մամուլի համաձայն` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ն ու Թուրինի «Յուվենթուս»-ը, իսկ բրիտանական մամուլում առավել հաճախակի են հրապարակումներն այն մասին, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ` Դորտմունդի «Բորուսիա»: