Հայաստանում դիտվող անբնականոն տաքությունը կարող է հանգեցնել գյուղատնտեսական ապրանքների գների իջեցման: Դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է ներակայցրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը
Նրա խոսքով՝ Հայաստանում բարենպաստ եղանակային պայմանների հետ կապված ջերմոցային տնտեսությունները կրճատում են էներգակրիչների ծախսերը, ինչի հետեւանքով արտադրանքի ինքնարժեքը կնվազի, ինչը իր հերթին կարող է հանգեցնել գների իջեցմանը:
«Այս պահի դրությամբ մենք կարող ենք վստահաբար ասել, որ ինչպես աշնանը ցանած դաշտերի, այնպես էլ բազմամյա այգիների ու խաղողի այգիների ցրտահարումը ամբողջովին բացառված է»,- նշել է փոխնախարարը:
Միեւնույն ժամանակ, նա իդեալական է համարել տարբերակը, եթե տաք եղանակը չուղեկցվի ձմեռային երաշտով. «Գյուղատնտեսության համար ձմեռային տեղումները ցանկալի են, թեկուզ՝ անձրեւների տեսքով»: Բացի այդ, Աշոտ Հարությունյանը մտավախություն է հայտնել, որ տաք օրերին կտրուկ կփոխարինեն ցրտերը: