Երեւանի «Արարատի» նախկին խաղացող, հայկական ծագումով 23-ամյա ձախ եզրային Րաֆֆի Կայան Հայաստանից հեռանալուց հետո հանդես է գալիս Շվեյցարիայի առաջնությունում: 2016-2017 թվականների մրցաշրջանում նա «Ստադ Նյոն» թիմի կազմում անցկացրեց երկրորդ դիվիզիոնում, իսկ ընթացիկ մրցաշրջանում ներկայացնում է Շվեյցարիայի երրորդ լիգայի «Լանսի» թիմը:
«Արարատում» հանդես գալու ժամանակ Րաֆֆի Կայան մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի սելեկցիոն հավաքին, հետագայում մասնակցել է չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը Արեւմտյան Հայաստանի հավաքականի կազմում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ պաշտպանը պատմել է ակումբային գործերի եւ Հայաստանի ազգային հավաքականից դարձյալ հրավեր ստանալու մեծ ցանկության մասին:
Րաֆֆի, ինչպե՞ս են գործերդ Շվեյցարիայում: Անցած մրցաշրջանի ավարտից հետո դու «Ստադ Նյոնից» տեղափոխվեցիր «Լանսի»:
«Այո, «Լանսին» Շվեյցարիայի երրորդ դիվիզիոնի լավագույն թիմն է: Առաջին շրջանից հետո առաջին տեղում ենք: Երրորդ լիգան վատ մրցաշար չէ, քանի որ այստեղ հանդես են գալիս նաեւ բարձրագույն դիվիզիոնի ակումբների երկրորդ թիմերը: Որոշեցի փոխել թիմս, քանի որ «Նյոնում» լեգեոնականների սահմանափական հետ խնդիր կա: «Ստադ Նյոնն» ու «Լանսին» գրեթե նույն մակարդակի թիմեր են: Լավ սկսեցի, սակայն հետո վնասվածք ստացա եւ 2 ամիս դուրս չեկա խաղադաշտ: Արդեն վերսկսել եմ մարզումներս:
Ի՞նչ նպատակներ ես քո առջեւ դրել եւ մտադի՞ր ես մնալ «Լանսիում»:
Նպատակս է լավագույններից մեկը լինել «Լանսիում» եւ թիմի հետ դուրս գալ երկրորդ դիվիզիոն: Եթե հասնենք դրան, ապա կցանկանայի մնալ այստեղ, քանի որ ամեն ինչ լավ է: Ղեկավարությունը, մարզչական շտաբն ու թիմակիները շատ լավ վերաբերմունք ունեն իմ նկատմամբ:
Բայց ես միշտ բաց եմ նոր մարտահրավերների եւ հետաքրքիր առաջարկների համար: Իհարկե, ցանկանում եմ խաղալ ամենաբարձր մակարդակով: Ես հավակնոտ մարդ եմ եւ ձգտում եմ դրան:
Կարո՞ղ ես համեմատել Շվեյցարիայի երկրորդ եւ երրորդ լիգաները Հայաստանի Բարձրագույն խմբի հետ:
Հայաստանի առաջնության մակարդակը այդ լիգաների միջինն է՝ երկրորդից ցածր է, երրորդից բարձր: Հայաստանում կան լավ ֆուտբոլիստներ, բայց Շվեյցարիայում ավելի պրոֆեսիոնալ է մոտեցումը ֆուտբոլին:
Ժամանակին մասնակցել ես Հայաստանի ազգային հավաքականին մարզումային հավաքին: Ունե՞ս գերխնդիր դարձյալ հրավեր ստանալ ազգային թիմից:
Այո, Հայաստանի հավաքականից հրավերը իմ գլխավոր նպատակն է: Մեծ հույս ունեմ, որ մի օր կստանամ այդ հրավերը եւ կդառնամ այդ ընտանիքի մի մասը: Երբ «Արարատում» հրավեր ստացա ազգային հավաքականից, դա իմ երազանքի իրականացումն էր:
Նյութի աղբյուրը` NEWS.am SPORT