Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու վերաբերյալ աշխատանքները:
Ruhr Nachrichten-ի համաձայն՝ գերմանական ակումբի ղեկավարներն արդեն հանդիպել են Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ եւ վարել բանակցություններ:
Տրանսֆերին կարող է խոչընդոտել Մխիթարյանի բարձր աշխատավարձը: «Բորուսիան» չի կարող կիսապաշտպանին վճարել տարեկան 12.5 միլիոն եվրո, որը նա այժմ ստանում է անգլիական ակումբում: Բացի այդ, գերմանացիներին չի գոհացնում Հենրիխ Մխիթարյանի բարձր տրանսֆերային գինը:
Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յահիմ Վացկեն նշել էր, որ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը քիչ հավանական է: Բրիտանական մամուլի համաձայն՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ, որոնցից չորսը ներկայացնում են Անգլիայի Պրեմյեր լիգան:
«Բորուսիայի» կազմում հայ ֆուտբոլիստը 2013-2016-ն անցկացրել է 140 հանդիպում՝ դառնալով 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։