Օրական 8 ժամից պակաս քնող մարդիկ ավելի հաճախ են ենթակա դեպրեսիայի եւ տագնապի, պարզել են Նյու Յորքի նահանգի Բինգեմթոնի համալսարանի գիտնականները:
Հետազոտողները գնահատել են մարդկանց քնի տեւողությունը, որոնք տառապել են տարբեր աստիճանի անհանգստությամբ եւ ռումինացիայով՝ բացասական մտքերի վրա մշտական կենտրոնացվածություն: Նրանց նաեւ պատկերներ են ցույց տվել, որոնք կոչված էին էմոցիոնալ արձագանք առաջացնել, այնուհետեւ բբերի շարժումից գնահատել են փորձարկվողների արձագանքը:
Պարզվել է, որ քնի կանոնավոր խանգարումները մարդկանց մոտ խնդիրներ են առաջացնում բացասական տեղեկություններից շեղվել փորձելիս: Գիտնականների կարծիքով՝ սա նպաստում է հոգեվիճակի խանգարումների զարգացմանը, մասնավորապես՝ տագնապի եւ դեպրեսիայի առաջացմանը:
«Մենք պարզել ենք, որ հետազոտությանը մասնակցած մարդկանց մոտ բացասական մտքերին կառչելու միտում է եղել: Այն դեպքում, երբ մարդիկ սովորաբար կարողանում են հաղթահարել բացասական տեղեկությունների ազդեցությունը, նրանք սրա հետ կապված խնդիրներ են ունեցել»,- հետազոտության հեղինակներից մեկի՝ պրոֆեսոր Մերեդիտ Քոուլզին է մեջբերել Eurekalert պորտալը:
Գիտնականների կարծիքով՝ այս տվյալները հոգեբույժներին կօգնեն ավելի հաջող պայքարել մի շարք հոգեկան խանգարումների դեմ՝ շտկելով հիվանդների քնի ռեժիմը:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am