Ինչպես կառավարությունն է խոստանում՝ Ամանորի վերջին երկարուձիգ հանգստյան օրերն ավարտվեցին: Հաջորդ Ամանորը լինելու է ավելի կարճ:
Կառավարությունը հաշվել էր, որ Հայաստանում վճարովի արձակուրդն ու տոն ու հիշատակ օրերը միասին 40 օրից ավելի են՝ աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը:
Ըստ էության տնտեսություն չունեցող, տնտեսական օրենքներից դուրս ու ոչինչ չստեղծող երկրում կարծես թե տարբերություն չկա՝ քանի ոչ աշխատանքային օր կլինի: Իր հերթին, աշխատանքային օրերն էլ այսպես ասած բովանդակային ու ստեղծարար չեն՝ ցածր ՕԳԳ-ով: Համընդհանուր այս իրավիճակն իր հերթին բավականաչափ ազդում է այն հատուկենտ կազմակերպությունների վրա, որոնք աշխատանքին մոտենում են այլ փիլիսոփայությամբ ու կրեատիվով:
Ամանորի տոների կրճատումն այս տեսակետից կարեւոր քայլ է: Սակայն դա կարող է կիսատ մնալ, եթե չարվեն հաջորդ քայլերը: Նախեւառաջ, խոսքն այսպես կոչված մեռելոցների մասին է:
Հայաստանում անկախության տարիներին երկու ինստիտուտ է զարգացել ու հղկվել՝ ընտրակեղծիքի ինստիտուտն ու ծեսերը, որոնք խոշոր հաշվով կազմում են նույն պատճառա-հետեւանքային շղթայի օղակները: Այդպես լինում է այն ժամանակ, երբ պետականությանն ու պետական ազգին փոխարինելու են գալիս համայնքն ու ադաթը:
Հայաստանում այդ վիճակն է, եւ դա հաղթահարելու հրամայականը դառնում է իսկական մարտահրավեր:
Այդ առումով, թերեւս արժե մտածել այն մասին, որ թողնվի երեք տոն օր՝ Անկախության, Սահմանադրության օրերն ու Սուրբ ծնունդը՝ պետականության ու քաղաքակրթական պատկանելության իմաստավորմամբ:
Սակայն սա էլ լուծում չէ, եթե թե այդ, թե մնացած բոլոր օրերը չստանան այլ բովանդակություն ու մոտիվացիա:
Նյութի Աղբյուրը՝ Lragir.am