Արեւմտյան Վրաստանում Օզուրգետի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են գործարարի վրա եւ նրանից խոշոր չափի կանխիկ գումար հափշտակել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Տուժածը Հայաստանի քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Նա Գուրիայի շրջանում մի քանի խանութներ ունի:
Սուքիասյանի վրա հարձակվել են հունվարի 13-ի առավոտյան իր բնակած շենքի մուտքում: Դիմակավորված 2 տղամարդ նրա գլխին են հարվածել բութ առարկայով, որից հետո հափշտակել են 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր Թբիլիսիի Լիլո շուկա գնալ՝ իր խանութների համար արտադրանք գնելու, եւ հենց այս պատճառով է մոտը այդքան խոշոր գումար ունեցել:
Ներկայումս Սուքիասյանը հիվանդանոցում է: Բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ենթադրյալ չարագործները մինչեւ հիմա ձերբակալված չեն: