Lragir.am-ը գրում է.

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կոչը մեծ արձագանք է ունեցել հանրային շրջանակներում: Նախարարը կոչ էր արել ֆինանսապես օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար:
«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններայս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին», Ֆեյսբուքի իր էջում գրել էր ՊՆախարարը:
Արձագանքներում հիմնական հարցադրումն այն է, թե ինչու է զինծառայողների համար աշխատողներից պարտադիր 1000 դրամ գանձելու պարագայում կոչ արվում դրամահավաքի: Վիգեն Սարգսյանն իր կոչում փաստացի պատասխանել է այդ հարցին, հղում անելով օրենքին, այնուամենայնիվ սոցիալական ցանցերում նախարարի ու օգտատերերի միջեւ իսկական «լեզվամարտ» է ծավալվել: «Բոշան դու ես», նույնիսկ գրել է նախարարն ի պատասխան օգտատերերից մեկի՝ 1000 դրամների գանձումը «բոշության նոր ձեւ» արտահայտության:
Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում միանշանակ չընդունվեց հանրության ու հատկապես զինվորականության շրջանում: Նմանապես նրա մի շարք նախաձեռնությունները, մասնավորապես զինապարտության նորամուծությունների եւ սոցիալական խնդիրների լուծման կապակցությամբ, արժանացան բուռն քննարկումների ու քննադատության: Այդ նախաձեռնություններն անկասկած դրական մեծ բազա են պարունակում եւ հնարավորություն են տալիս աստիճանական անցում կատարել խորհրդային տիպի անարդյունավետ բանակից դեպի ավելի արդիական ու ճկուն զինված ուժեր, զինապարտներին առաջարկելով այլընտրանքային տարբերակներ:
Մյուս կողմից, այդ նույն նախաձեռնությունները շատ շրջանակներ ընկալում են որպես նոր պայմաններում իշխող համակարգի գոյատեւման հայեցակարգ կամ «գաղափարախոսական բազա», որի պարագայում կրկին ողջ պատասխանատվությունը եւ հոգսը դրվում է հանրության վրա: Հանրությունը լավ է հասկացել իշխող համակարգի բնույթը եւ մոտիվացիան եւ նրա նախաձեռնությունների հեռահար նպատակը:
Մյուս կողմից, հանրությունը դեռ չունի հստակ ձեւակերպված պահանջներ ու այսպես ասած ռազմավարություն, որը թույլ կտար նման հայեցակարգերի ընդունման դեպքում թույլ չտալ համակարգին՝ դրանք լիովին ծառայեցնել իր շահերին ու նպատակներին: Բանն այն է, որ ցանկացած նոր հայեցակարգ ունի երկու սայր՝ իշխանությունը որեւէ նոր բան առաջարկելիս հայտնվում է դրա պատասխանատվության տակ, եւ հանրության խնդիրն է առավելագույնս օգտագործել այդ վիճակը՝ դրանք նաեւ հանրային-պետական խնդիրներին ծառայեցնելու համար:
Ասվածի լավագույն ապացույցը տարկետման սահմանափակման դեմ ուսանողական ելույթներն ու պահանջներն էին, որոնք հանգեցրին նրան, որ իշխանությունը լիովին լեգիտիմացրեց իր այդ նախաձեռնությունը, իսկ ուսանողական շարժումը որակեց որպես բանակից ու զինծառայությունից խուսափելու փորձ: Իսկ եթե ուսանողությունը պահանջեր լիովին վերացնել տարկետումը, թույլ չտալով որեւէ սողանցք, դա լիովին այլ իրավիճակ կլիներ, եւ իշխանությունը կհայտնվեր փաստի առաջ: Եթե իշխանությունը չընդառաջեր այդ պահանջին, ստիպված կլիներ առաջ քաշել նույն հիմնավորումները, ինչ ուսանողները, եւ կամ գնար զիջումների, կամ էլ ապացուցեր, որ իր նպատակն ամենեւին էլ արդարությունը չէ, եւ այդ նախաձեռնության նպատակն ընդամենը բանակից խուսափողների ավելի նեղ ու արտոնյալ դաս ձեւավորելն է:
Իշխանության նպատակներից մեկը հենց դա էր, եւ ուսանողների այդ հարցադրումների հետեւանքով այն «լեգիտիմացավ»:
Վերջին շրջանում խոսակցություններ են տարածվում առ այն, որ Վիգեն Սարգսյանը ապրիլից հետո կթողնի պաշտպանության նախարարի պաշտոնը: Ըստ տեղեկությունների, բանակից հեռացված գեներալները նույնիսկ հավաքվել են եւ որոշել նման պահանջ դնել Սերժ Սարգսյանի առաջ:
Իր հերթին, Վիգեն Սարգսյանի նշանակումն առավելապես պայմանավորված էր Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերով, որոնք ենթադրում էին նախեւառաջ ուժային կառույցների «վերաֆորմատավորում»: Բանակում Վիգեն Սարգսյանի դիրքերի ամրապնդման համար մի շարք բարձրաստիճան զինվորականներ հեռացվեցին, իսկ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանը նույնիսկ բանակի անունից հրապարակավ ընդունեց նրա անվերապահ առաջնորդությունն ու հեղինակությունը:
Սակայն խնդիրներն այդպիսով երեւում է չեն լուծվել, եւ Վիգեն Սարգսյանը հայտնվել է խաչաձեւ կրակի տակ՝ հանրության, «դաշտային գեներալների» ու զինվորականության մի զգալի շերտի: Այս հանգամանքն ավելի զգալի է դառնալու ապրիլին ընդառաջ, երբ Հայաստանն անցնելու է խորհրդարանական լիարժեք կառավարման, իսկ բանակը եւ մասնավորապես նախարարը նոր սահմանադրությամբ ստանալու է լայն լիազորություններ:
Ինքը Վիգեն Սարգսյանը երեւում է դեռեւս չունի լիարժեք համարժեքություն ստեղծված իրավիճակին եւ չի կարողանում հավասարակշռել բրուտալ կառույցի եւ գլամուրային նախաձեռնությունների միջեւ, հայտնվելով քննադատությունների ու աղմուկի թիրախում, որոնք, պետք է խոստովանել, երբեմն անտեղի են: Ինչ ասես արժեն միայն նրա խաչքավորությունը եւ կարծիքները Հայ առաքելական եկեղեցու պատմական ու ներկայիս դերի մասին: Դա ամենեւին նոր ոգու, արդիականության արտահայտություն չէր, որպիսին փորձում է ներկայանալ նախարարը, առավել եւս այն պայմաններում, երբ եկեղեցու դերը հայոց պետականության ու հայկական բանակի հարցում խիստ կասկածելի է:
Հ.Գ. Օգնենք Ալբերտին ինչով կարող ենք, այսօր Հայաստանի պետականության ու Հայաստանն աշխարհքաղաքական զարգացումներին համարժեք պահող միակ թելը մեր զինվորն է՝ կանգնած կյանքի ու մահվան սահմանին:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am