Վահան Հովհաննիսյան պատասխանել է Հայրիկյանին.

«Կարծում եմ Պարույր Հայրիկյանի ջղագրգիռ արձագանքը ուրբաթ ակումբում իմ կողմից հայտնած մտքերի կապակցությամբ ոչ մեկի չզարմացրեց: Զայրույթի իրական պատճառը իհարկե ոչ թե ՛՛ռուսական իմպերիալիզմի՛՛ պաշտպանությունն է, որ Հայրիկյանը վերագրում է ինձ, այլ իմ անկեղծ խոստովանությունը, որ Անդրիաս Ղուկասյանի հացադուլն ինձ համար ավելի մտահոգիչ է, քան Հայրիկյանի վրա հարձակումը: Բայց Պարույր Հայրիկյանը իհարկե իր դերում չէր լինի, եթե իրեն չվերագրեր նաև ելույթիս մեջ հնչած ընդհանուր մտահոգությունն այն մասին, որ քաղաքական պրոցեսը Հայաստանում կանգ է առել ու վերածվել միջոցառումների. դրա համար էլ քիչ հավանական է , որ որևէ երկրի գաղտնի ծառայություն հետաքրքրված լինի մեր հայ նախագահական թեկնածուների սպանությամբ՝ հատկապես այդ թեկնածուին:
Ինչ վերաբերում է շիզոֆրենիայի եզրին հասած հոգու հուզմունքի դրսևորումներին՝ կապված իմ ՛՛տեռորապաշտ՛՛ էության կամ ՛՛ԿԳԲ՛՛-ի գործակալ լինելու հետ, ապա թողնում եմ դրանք անպատասխան: Պարույրը Անդրանիկ Մարգարյանին էլ էր ՛՛ԿԳԲ՛՛-ի գործակալի պիտակ կպցնում: Դա նրա համար սովորական բան է, իսկ ինձ և շատ ուրիշների համար բավական է , որ Պարույրի ԱՄԿ-ական ընկերներն են իրեն անվանել ՛՛ԿԳԲ-ի ագենտ՛՛ ՝ շատ հավաստի համարելով ԱՄՆ-ում ապաստան գտած մի ռուս գեներալի վկայությունը:
Խոսել ընդհանուր երազանքների մասին դժվարանում եմ , քանի որ ինձ Պարույր Հայրիկյանի իրական երազանքները հայտնի չեն, բայց մի տարբերություն անկասկած կա. ես չեմ տառապում սիրամարգի բարդույթով , այդ պատճառով էլ անգամ նույն երազանքի նկատմամբ մեր մոտեցումները միշտ տարբեր են եղել ու միշտ տարբեր են լինելու: Սիրամարգի կոմպլեքսը դժվար բուժվող հիվանություն է: Անկեղծ ասած ես չեմ հիշում ԱՄԿ 40 ամյակի կապակցությամբ ունեցած իմ ելույթը: Անպայման բարձր եմ գնահատել այդ կառույցի դերը հայոց անկախության գաղափարը վառ պահելու գործում: Բայց մեկ ուրիշ ելույթ լավ հիշում եմ. 1996 թ., երբ ամբողջ ընդդիմությունը բանտերում էր, իսկ պատգամավորներին ծեծ ու ջարդի էին ենթարկում խորհրդարանի դահլիճում, Պարույր Հայրիկյանը լացակումաց ելույթով գազազած ՀՀՇ-ական իշխանության ներողամտությունն էր հայցում: Այդ ես չէ , որ պետք է ներողություն խնդրելու մասին մտածեմ:
Բայց այսօր ես Պարույր Հայրիկյանին լավ հիշողություն եմ մաղթում, ոչ թե անցյալի այդ (կամ այլ) նոխկալի միջադեպերը հիշեցնելու համար: Ուզում եմ պարզապես հիշեցնել Հին աշխարհի մի ասացվածք. ''Բարկանում ես, ուրեմն ճիշտ չես'': Մի բարկացիր, առավել ևս հրապարակավ, չէ որ այդ դեպքում բոլորն են տեսնում, որ ճիշտ չես:
Ցանկանում եմ արագ ապաքինում՝ բոլոր իմաստներով: