Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունից հետո Երեւանի քաղաքապետարանի ղեկավար կազմում կարող է որոշակի փոփոխություններ տեղի ունենալ: Թերթը նշել էր, որ Երեւանի ավագանու անդամ եւ նախկին ավագանու կազմում Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը կարող է նշանակվել փոխքաղաքապետ:
«Նման բան չկա, ես չգիտեմ, որտեղից են հորինել, բայց ես երեկ նորից վերանշանակվել եմ նույն հանձնաժողովի նախագահ, հետևաբար փոխքաղաքապետ չեմ կարող դառնալ»,-այսպես պատասխանեց Նաիրա Նահապետյանը YerevanNews.am-ի այն հարցին, թե ճիշտ է արդյո՞ք թերթում գրված լուրը: