Լոնդոնի «Արսենալի» երկրպագուներից մեկը պատվիրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկը, սակայն ստացել է Mikkaterryann ազգանունով խաղաշապիկ, հաղորդում է Arsenal FC News-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը: Այս մրցաշրջանում «Արսենալի» 7 համարը պատկանում էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակեց Հենրիխ Մխիթարյանի հետ:
Բրիտանական մամուլի համաձայն՝ «Արսենալում» հայ ֆուտբոլիստը կստանա շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ կդառնա ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Ալեքսանդր Լյակազեթից հետո (ֆրանսիացի հարձակվողը ստանում է շաբաթական 200 հազար ֆունտ): «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանը ստանում էր շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ:
Հայ կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):