Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներն ու ընկերներն այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին: Այսօր ոչ միայն բանակի օրն է Ուրֆանյանների համար, այլեւ Արմենակի ծննդյան օրը. հերոսաբար զոհված կապիտանը կդառնար 28 տարեկան:
Արմենակի մարտական ընկեր Մանուկ Պողոսյանը Մարտակերտից ընտանիքի հետ Երեւան է եկել՝ հարգանքի տուրքը մատուցելու զոհված ընկերոջ հիշատակին: Ուրֆանյանի մասին խոսելիս՝ Մանուկ Պողոսյանը միանգամից իրենց հանդիպման առաջին օրն է հիշում: 2011թ.-ի հոկտեմբերի 22-ին ինքն է Ուրֆանյանին դիմավորել եւ ծանոթացրել զորամասին, որտեղ էլ միասին ծառայել են 4.5 տարի:
«Խստապահանջ էր, հոգատար ենթակաների նկատմամբ, Արմենը սիրում էր դիրքերը, խրամատը, կաբինետային գործերը չէր սիրում, թղթաբանության հետ չուներ, իրենն առաջնագիծն էր»,- պատմում է Մանուկ Պողոսյանը:
Արմենակ Ուրֆանյանին ծառայակից ընկերը բնորոշում է մեծ հումորի տեր անձնավորություն, համեստ, համբերատար, բայց միեւնույն ժամանակ բռնկուն:
Զոհված կապիտանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, նույնպես մեծ դժվարությամբ է զսպում արցունքները որդու մասին խոսելիս: Տիկին Համեստն ընգդծում է՝ Արմենակը յուրահատուկ մարդ էր, հոգատար, սրտացավ շրջապատի նկատմամբ:
«Օգոստոսին ծառայությունն ավարտելու էր ու տուն վերադառնար, բայց չէր ուզում Մարտակերտից հետ գալ Երեւան, նույնիսկ նշանածն էր համոզում, որ ամուսնությունից հետո Մարտակերտում ապրեն: 21 տարեկանից այնտեղ էր ապրում, սիրում էր Մարտակերտի ամեն քարն ու թուփը, բոլոր ընկերներն այնտեղ էին, մարտակերտցիներն էլ իրեն էին սիրում: Երբ Մարտակերտ էինք գնացել, հյուրանոցի աշխատող կինը մի դեպք պատմեց: Ամուսինը հաշմանդամություն ուներ, ինքն էլ ամեն իրիկուն մենակ էր տուն գնում, Արմենս զանգել էր այդ կնոջ ամուսնուն ու ասել, որ իրեն պետք է շտապ Ստեփանակերտ տանի, երբ ամուսինը հասել էր հյուրանոց, Արմենս ասել էր՝ դե կնոջդ տուն տար»,- հիշում է Արմենակի մայրը:
Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երեւանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով, սամբոյով եւ ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետեւակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: 2016թ.-ի հունվարին նշանվել էր, աշնանը պատրաստվում էր ամուսնանալ:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները: