Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին դարձյալ տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բժշկական շրջանակների մի աղբյուր:
«Արմեն Բորիսովիչին դարձյալ հոսպիտալացրել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում՝ այս անգամ սրտի տագնապով եւ անգիտակից վիճակում: Այժմ նրան հանգիստ ու բուժում է հարկավոր»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ դերասանին շտապ օգնության մեքենայով տարել են այն բանից հետո, երբ նա Առաջին ալիքով հեռուստահաղորդում է դիտել իր նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ, որի հետ ամուսնալուծությունը հունվարի 31-ին օրինական ուժ է ստացել: «Ջիգարխանյանի սրտի տագնապը կապված է այն բանի հետ, որ նա մինչեւ վերջ չի բուժել թոքաբորբը, ուստի տեղի են ունեցել բարդացումներ, պահանջվել է շտապ հոսպիտալացում»,-ճշտել է նա:
Ջիգարխանյանի թատրոնում ՏԱՍՍ-ին հաստատել են ռեժիսորի հոսպիտալացումը: «Արմեն Բորիսովիչը որոշ ժամանակ հիվանդանոցում էր, այնուհետեւ դուրս եկավ եւ դարձյալ հիվանդանոց տեղափոխվեց, որպեսզի շարունակի բուժումը: Ներկայում նա հիվանդանոցում է եւ շարունակում է բուժվել»,-ասել է թատրոնի՝ հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի գծով ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն՝ ճշտելով, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է հունվարի 30-ին: