Կառավարության նիստին այսօր՝ փետրվարի 1-ին, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենսդրական նախաձեռնությունը։
Նրա խոսքով, Սահմանադրությունը նորովի կարգավորում ունի՝ նախարարությունների ցանկը եւ կառավարության գործունեության կարգը կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով. «Սա օրենքների այն առանձնահատուկ տեսակն է, որտեղ նախաձեռնությունը պետք է ցուցաբերի հենց կառավարությունը»,-ասաց նախարարը:
Նա նշեց, ներկայումս կառավարության գործունեությունը կարգավորվում է հանրապետության նախագահի հրամանագրով, իսկ նախարարությունների ցանկը սահմանվում է օրենքով։
«Նախ՝ կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից: Ընդ որում՝ Կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն 2/3-ը։ Սահմանադրությունը մի շարք դրույթներ է նախատեսել, ինչ ժամկետներում պետք է առաջարկվեն Կառավարության անդամների թեկնածուները, որն է վերջնաժամկետը, որ Կառավարությունը ձեւավորվի»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ նոր օրենքով նախարարությունների թիվը չի փոխվի՝ կլինի 18 նախարարություն: Նա ընդգծեց, որ օրինագիծը նախատեսում է նոր՝ կառավարության անդամի, պատգամավորների, դատական իշխանության ներկայացուցիչների կողմից երդում տալու պահանջը. «Սահմանել ենք դեպքեր, թե երբ է վարչապետը պարտավոր հրաժարական տալ. օրինակ՝ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն կամ խախտել է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջը:
Օրենքը, ըստ Դավիթ Հարությունյանի, նախատեսել է վարչապետի աշխատակազմ, որը, ի տարբերություն կառավարության աշխատակազմի, իրականում կոչված է ծառայելու վարչապետին, փոխվարչապետներին եւ նաեւ վարչապետի լիազորությունների հետ կապված կառավարության նիստերի անցկացմանը: