Քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության» մասին, նշեց, որ մի շարք զավեշտալի կետերի է հանդիպել:
Փաշինյանն առանձնացրեց դրանք և ներկայացրեց պատգամավորների ուշադրությանը:
«Սեփական արբանյակի թողարկման և այն Հայաստանին հատկացված գեոստացիոնալ ուղեծրում տեղակայելու նպատակով 2012թ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Կոսմոս» ՓԲ ընկերությունը:
Ինչպես կռահեցիք, ՀՀ-ն տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզարական պետությունների շարքում և սրանում որևէ չափազանցություն չկա:
2012թ ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի բաց տիեզերքի օգտագործման կոմիտեի լիիրավ անդամ, այս ամենը գրված է բյուջեի կատարողականում: Եթե հաշվի առնենք, որ Սփյուռքի նախարարը առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը դեռևս 2011թ-ին էր լուծել, հասկանալի է, որ տիեզերքը նվաճած գերտերությունները հասկացան, որ հրապարակ է իջնում լրջագույն մրցակից»,-իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ սրանք դեռ ամենը չեն, պարզվում է, կառավարությունը խոստանում է, որ ՀՀ-ում սկսելու է ավտոբուսների արտադրություն:
«էս մարդիկ չեն կարողանում ավտոբուս ներկրել, միանգամից որոշել են ավտոբուսների արտադրությունից»,-նշեց Փաշինյանը:
Այնուհետև ԱԺ պատգամավորը նշեց, որ կառավարությունում վարչապետին կից ձևավորվել են խորհուրդներ:
«Այստեղ ամենազավեշտալին այն է, որ խորհուրդներից մեկը կոչվում է ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ոլորտային խորհուրդներ, սա զավեշտական էր արդեն իսկ հայտնի օֆշորային սկանդալի ֆոնին, որովհետև այս սկանդալը ծագել էր հենց հերթական ադամանդագործությունը զարգացնելու մի այսպիսի ծրագրի ներքո, երբ որ Տիգրան Սարգսյանը հայ ադամանդագործներին էր ծանոթացնում ոմն Աշոտ Սուքիասյանին:
Այս անձնավորությունը թանկարժեք «Բենթլի» էր նվիրել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել` ի՞նչ գործ ունի Կճոյանը ադամանդագործությունը զարգացնող կառավարական խորհրդակցությունների հետ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: 
Վերջինս նշեց, որ երեկ երբ հարց է տվել Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հայտնի օֆշորային սկանդալից, պատասխանը ԱԺ պատգամավորին չի զարմացրել:
«Ֆինանսների նախարարն այնպիսի պատասխան տվեց, որ անկեղծ ասած սրտներիցս մի քար ընկավ, որովհետև պատասխանը շատ համոզիչ էր՝ «դրանք հերյուրանքներ են»: Հավատում ենք, որովհետև եթե հերյուրանք չլիներ, կառավարության անդամները կասեին, այո ճիշտ է 10 մլն դոլար գցել ենք գործարարին:
Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ գազի գնի բարձրացման խոսակցությունները հերյուրանքներ են, մի քանի ամիս հետո բոլորս համոզվեցինք, որ հերյուրանք է, չկա ըտենց բան, ասում էին, որ էդ մարդուն, որ պահում եք Սյունիքի մարզում, դոշից մեդալներ եք կախում, էդ մարդը չարիք է, ասում էին հերյուրանքներ են, համոզվեցինք, որ հերյուրանք է: Ասում էին, որ Ներսես Նազարյանը բիզնես է անում, ասում էին հերյուրանք է, ասում են Գագիկ Խաչատրյանի համար ՊԵԿ-ը բիզնեսի տանիք է, պարզվեց, որ հերյուրանք է, նա բիզնես չունի, բոլոր բիզնեսները նրա որդունն են, եղբորն են, բոլորը միլիոնատերեր են»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: 
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը վերջում հավելեց, որ ինքը դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին, քանի որ ի դժբապտություն ոմանց, ինքը կարողանում է տարբերակել հերյուրանքը իրականությունից: