Զրույց կա, որ երկար է հիշվում ու տարիների գալարապտույտում նորովի է հասկացվում։
Տարիներ առաջ Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցներից մի փոքրիկ դիպված եմ հիշում։ Հենրիխը պատմում էր, որ տնից դուրս գալուց տեսել է, որ դռան վրա գրած է՝ Հենրիկ Մխիթարյան, մենք քեզ սիրում ենք։ Կար ստորագրություն և շրթներկի հետք։
Դա տարիներ առաջ էր՝ 6, 7, չեմ հիշում։ Այդ ժամանակ մտորում էի՝ սերը զորեղ ուժ է և, եթե ֆուտբոլիստը դրանով ոգևորվել է, ուրեմն այդ սիրո զորությամբ դեռ շատ առաջ կգնա։
Մարդկանց սերը, այն էլ ՝ համընդհանուր, պետք է կարողանալ գնահատել։ Համընդհանուր սերը եկեղեցու նման է, որը ուժ ունի, եթե հավատում, գնահատում ես։
Մտածում էի նաև, որ մենք ծայրահեղական ենք՝ կամ շատ սիրում ենք, կամ շատ ատում։ Ոսկե միջինն ընդհանրական իմաստով համարյա զրո է։
Սիրելուց այնպե՜ս ենք սիրում, մեծարում, աստվածացնում, ատելուց այնպես ատում, նվաստացնում, ծաղրում․․․
Գուցե ծայրերի ծայրահեղ սրությունն է մեզ զորացնում։
Ինչևէ, բնության ներդաշնակություն է, երբ բույսը գլուխը թեքում է արևի, սիրո ուղղությամբ, երես չի թեքում լույսից, այնպես շքե՜ղ է աճում։ Երբ երես է թեքում կամ արևը նրան չի լուսավորում, թոշնում է․․․
Ինչու՞ հիշեցի սա․ Հենրիխի՞, թե՝ բոլորիս համար։
Իհարկե, բոլորիս, հատկապես հանրային դեմքերի համար։ Գնահատենք համընդհանուր սերը։
Նյութի աղբյուրը՝ hraparak.am