Ծխախոտի շուկայում սպասվում է գնային փոփոխություն: 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա նշեց, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը մոնիտորինգ է իրականացնում ծխախոտի շուկայում, որի վերջնական արդյունքները պարզ կլինեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
«Մոնիտորինգը մենք փուլերով ենք անում: Մսի շուկայում ամեն օր գին է տատանվում: Օրինակ, գառան միսը թվացյալ չի թանկացել, բայց չկա էլ, սուպերմարկետներում քիչ ստանում են, ֆիքսում են, մնացած տեղերում չկա այդ ապրանքը, ինչ էլ կա, ավելի է թանկացել, քան նախորդ տարի էր: Մենք ասում էինք, որ տավարի մսի գինը Նոր տարուց հետո էլ չի իջնելու, ու, իրոք, չի իջնում, էլի է թանկանում, բայց քանի որ իրենք խաղացող գներ են, մենք ուզում ենք մի քանի հատ ֆիքսենք, հետո ներկայացնենք»,- նշեց Բ. Պիպոյանը:
Հարցին՝ ծխախոտի գնային փոփոխությունն արդյոք պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ վերջին շրջանում շատ է քննարկվում հանրային վայրերում ծխելն արգելող և տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը, Բ. Պիպոյանը պատասխանեց, որ դա դրա հետ կապ չունի. «Պարզապես գնային փոփոխությունը պայմանավորված է ակցիզային հարկով»:
Մեր ճշտող հարցին էլ, թե մոտավորապես ինչքա՞ն կբարձրանան գները՝ Բ. Պիպոյանը պատասխանեց, որ մոտավորապես չի ուզում ասել, առաջիկայում ավելի հստակ թվեր կներկայացնեն:
Նյութի աղբյուրը՝ 168.am