Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Էվերթոնի» դեմ մրցավեճում «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը քննարկման լայն առարկա է դարձել բրիտանական մամուլում։ Առաջին անգամ խաղալով «Արսենալի» մեկնարկային կազմում՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագը կատարեց 3 գոլային փոխանցում: WhoScored պարբերականի վարկածով՝ այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստը հենց Հենրիխ Մխիթարյանն է: Նա արժանացել է 9․9 գնահատականի։ Մխիթարյանի երկրորդ գոլային փոխանցումից հետո աչքի ընկավ «Արսենալի» նորեկ Օբամեյանգը, որի մասնակցությունը այս խաղին հարցականի տակ էր:
Խաղից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ Օբամեյանգը վատառողջ է և հնարավոր է՝ չխաղա: Նշենք, որ գաբոնցի հարձակվողն ուներ խաղային պրակտիկայի պակաս, քանզի չէր մասնակցել «Բորուսիայի» վերջին հանդիպումներին: Ըստ էության Վենգերը գնաց կտրուկ փոփոխության՝ հիմնական կազմից դուրս թողնելով կենտրոնական հարձակվող Լակազետին: Ի դեմս Մխիթարյանի՝ Օբամեյանգը «Էմիրեյթս» մարզադաշտում կարծես տանը լիներ և նորամուտը նշանավորեց գոլով:
Բրիտանական մամուլում արդեն նշվում է, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը կդառնան «Արսենալի» փրկությունը: Իսկապես, Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Սուոնսիի» հետ խաղից հետո տեսանք բոլորովին նոր «Արսենալ»: «Երկու նորեկները լավ տպավորություն թողեցին և շուտ հարմարվեցին խաղին: Նրանք տեխնիկապես լավ զարգացած են ու արագաշարժ: Այս ֆուտբոլիստներն ունեն բոլոր որակները մեր թիմի մի մասը դառնալու»,- նշել է Վենգերը:
«Կարծում եմ՝ բոլորը կրկին անգամ համոզվեցին, որ Օբամեյանգը խաղում է ֆանտաստիկ արագությամբ և ունի գոլային ուժեղ հոտառություն: Կարծում եմ՝ նրա տրանսֆերը ձեռք բերելը էապես կփոխի մեր թիմի խաղը: Իսկապես երջանիկ ենք, որ նա «Արսենալում» է: Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա մենք նրա լավագույն որակները հասցրել էինք տեսնել մարզումների ժամանակ: Կարող եմ ասել, որ նման փայլուն խաղ սպասում էինք «Էվերթոնի» հետ խաղի ժամանակ: Մխիթարյանն անհավանական խաղացող է: Առջևի գծում մենք ունենք գիգանտներ և առաջիկայում ավելի արդյունավետ կլինենք»,- ասել է «Արսենալի» նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբին:
Մխիթարյանի ելույթը ոգևորության ալիք է բարձրացրել հատկապես «Արսենալի» երկրպագուների շրջանում: «Այս խաղից հետո Մխիթարյանը պետք է մեկ շիշ վիսկի ուղարկի իր նախկին գլխավոր մարզչին՝ Մոուրինյոյին: Վերջինիս ոչինչ չի մնում անել, քան Մխիթարյանին կորցնելու վիշտը խեղդել թունդ խմիչքով: Մոուրինյոն շախմատային նավակը փոխանակեց փղի հետ: Ալեքսիս Սանչեսը միակողմանի զարգացած ֆուտբոլիստ է և հաջող է խաղում միայն եզրերում: Իսկ ահա Մխիթարյանը տեղաշարժվում է բոլոր ուղղություններով, ստեղծագործում է և ստիպում է մյուս ֆուտբոլիստներին արդյունավետ գործել: «Էվերթոնի» դեմ խաղում կատարեցինք առաջին քայլը: Վստահ եմ, որ առաջիկայում մենք լուրջ պայքար ենք մղելու լավագույն քառյակում տեղ ունենալու համար»,- իր միկրոբլոգում գրել է «Արսենալի» ֆանատ @Fisher71-ը:
Ի դեպ, «Էվերթոնի» հետ հանդիպումից հետո հայ կիսապաշտպանը կտրուկ բարձրացրել է ցուցանիշը Պրեմիեր լիգայում գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների մրցավազքում: Ընթացիկ առաջնությունում կատարած 8 գոլային փոխանցումներով Մխիթարյանը այս պահին 4-րդ հորիզոնականում է: Առաջին հորիզոնականում է «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրյունեն, որը կատարել է 11 գոլային փոխանցում: Երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Սիթիի» մեկ այլ կիսապաշտպան՝ Լերոյ Սանեն, 10 փոխանցումով: 9 գոլային փոխանցումով լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան:
«Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Արսենալը» զգալիորեն բարելավել է դրությունը լավագույն քառյակի համար պայքարում: Այս պահին 6-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալն» ունի 45 միավոր և 4 միավորով է զիջում լավագույն հնգյակը եզրափակող «Տոտենհեմին»: Վերջինս 26-րդ տուրի կենտրոնական խաղում ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ: 4-րդ հորիզոնականում գտնվում է «Չելսին», որն ունի 50 միավոր, սակայն մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել: 3-րդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլը» 26 խաղում վաստակել է 51 միավոր: Մխիթարյանի նախկին թիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», 56 միավորով երկրորդն է և 16 միավորով զիջում է առաջատար «Մանչեսթեր Սիթիին»:
Ակնհայտ է, որ լավագույն քառյակի համար պայքարը ծավալվելու է «Արսենալի», «Տոտենհեմի», «Չելսիի», «Լիվերպուլի» միջև: «Մանչեսթեր Յունայթեդի»՝ լավագույն քառյակում տեղը կորցնելն այժմ այնքան էլ իրատեսական չէ: Արդեն 27-րդ տուրում փետրվարի 10-ին «Արսենալը» հյուրընկալվելու է «Տոտենհեմին»: Լոնդոնյան դերբիում հաղթելու դեպքում Արսեն Վենգերի թիմը էլ ավելի կբարելավի դիրքը:
Նյութի աղբյուրը՝ 1in.am