Նստակյաց կենսակերպը եւ սխալ սննդակարգը այն հիմնական պատճառներն են համարվում, որոնց հետեւանքով մարմնի ավելորդ զանգվածով մարդիկ տարեցտարի ավելի են գիրանում: Այդուհանդերձ, դիետոլոգների շրջանում միասնական կարծիք չկա, որ սպորտը կամ հավասարակշռված սնվելը լավ կազմվածք պահպանելու համար առավել կարեւոր են:
Նիհարելու ո՞ր ռազմավարությունն ավելի շատ օգուտ կտա. այս հարցը որոշել են պարզել ԱՄՆ Թեխասի համալսարանի (University of Texas) հետազոտողները: Նրանց կարծիքով՝ շատ բան է կախված, թե մարդն ինչպիսի կենսակերպ է վարում եւ որքան ժամանակ է պատրաստ իր առողջությանը հատկացնել: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition գիտական ամսագրում:
Հետազոտության հեղինակ, դիետոլոգ Ֆիլիպ Սթենֆորդը նշել է, որ սննդակարգը եւ որոշակի մթերքների սահմանափակ օգտագործումը ընտրության տարբերակ է նրանց համար, ովքեր աշխատանքային լարված գրաֆիկ ունեն եւ ֆիզիկական ակտիվությամբ կանոնավոր զբաղվելու հնարավորություն չունեն:
Այսպիսի մարդիկ հեշտ են հրաժարվում, օրինակ, շոկոլադե բատոնից, ինչը թույլ կտա ավելորդ կալորիաներ չստանալ, որոնք այրելու համար կպահանջվի որոշակի քանակությամբ ֆիզիկական վարժություններ կատարել: Այսպիսով, մարդկանց, որոնք ժամանակ չունեն զբոսնելու կամ մարզասարքերի դահլիճում անցկացնելու համար, խորհուրդ է տրվում առաջին հերթին ուշադրություն դարձնել ճիշտ սնվելուն:
Հավասարակշռված սննդակարգը առաջնահերթ դերակատարում ունի միայն կարճաժամկետ հեռանկարում, այնպես որ՝ ֆիզիկական լավ վիճակ ունենալու եւ վայելուչ կազմվածք պահպանելու համար վարժություններն անհրաժեշտ են: Մարդը որքան ֆիզիկապես զարգացած է, այնքան շատ կալորիա կկարողանա այրել օրվա ընթացքում: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ զարգացած մկանունքում էներգափոխանակությունը զգալիորեն ավելի բարձր է, քան ճարպային հյուսվածքում, որը մարմնի ավելորդ զանգվածով մարդկանց մոտ գերակայում է: Դրանից բացի, կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները ամբողջ նյութափոխանկությունը վերափոխում են սնունդի հետ ստացած էներգիայի կուտակման/ծախսման ավելի արագ եւ ճկուն ուղիների: Նման մոտեցումը գործում է երկարաժամկետ հեռանկարում՝ կանխելով ճարպակալումն ու այլ հիվանդությունները, որոնք կապված են նյութափոխանակության հետ:
Այնուամենայնիվ, ճիշտ սննդակարգի եւ խնամքով ընտրված մարզումների համալիրի զուգակցումը կօգնի առավելագույն արդյունավետությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից եւ գեղեցիկ կազմվածք ձեռք բերել:
Նյութի աղբյուրը` NEWS.am