Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները` անկախ սոցիալական որեւէ խմբի պատկանելուց, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն եւ սպասարկում ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։
Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իր մեջ ներառում է բժշկական օգնություն եւ սպասարկում առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապեւտ, տեղամասային մանկաբույժ ընտանեկան բժիշկ) կողմից պոլիկլինիկական նեղ մասնագիտական խորհրդատվություն եւ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3745-Ա հրամանի հավելվածով հաստատված «I. Արտահիվանդանոցային բժշկական օգնություն» բաժնի «3. Հետազոտություններ եւ ծառայություններ» ենթաբաժնում ներառված ցանկի շրջանակներում առանց քանակների սահմանափակման:
Միաժամանակ բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց (հաստատված` ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ) առաջնային պահպանում իրականացնող բժիշկների ուղեգրմամբ արտահիվանդանոցային կարգով կարող են մատուցվել հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ`համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում:
Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը եւ սպասարկումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ հաստատված ծառայությունների ցանկով (հավելված 2): Առողջապահական կազմակերպությունների կողմից շահառուներին մատուցված բժշկական օգնության եւ սպասարկման հատուցումն իրականացվում է ապահովագրական ընկերությունների կողմից` համաձայն ընկերության եւ բժշկական կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրվում է նաեւ զինծառայողներին եւ նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին (ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշում): Ծառայությունների փաթեթը եւս ներկայացված է նշված որոշման մեջ: Մատուցվող ծառայությունների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3745-Ա հրամանի հավելվածով:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այժմ աշխատանքներ է տանում առաջիկայում սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 612 հազար անձանց համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների ձեռք բերման ծրագիր ներդնելու ուղղությամբ։
Դրա համար հիմք է հանդիսացել 2017թ. հոկտեմբերից գործող սոցիալական փաթեթի շուրջ 100000 շահառուի բժշկական ծառայությունների մատուցումը` պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթներով։