ԱԺ ՀԱԿ խմբակցության պտգամավոր Լևոն Զուրաբյանը կառավարություն-Աժ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկեց ստեղծել օֆշորային գոտում Տիգրան Սարգսյանի անվամբ ստեղծված ընկերության հարցը քննարկող խորհրդարանական հանձնաժողով: Սակայն ի պատասխան Լևոն Զուրաբյանի Տիգրան Սարգսյանն ասաց, որ խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու կարիք չկա, նշելով. «Լրատվամիջոցներն այնքան հնարամիտ են, որ եթե ընդունենք ձեր առաջարկը, գիշեր-ցերեկ պետք է զբաղվեք հետաքննությամբ: Ուղղակի ժամանակ չեք ունենա, ուրիշ ոչնչով չեք կարողանա զբաղվել»:
Ի պատասխան Տիգրան Սարգսյանին, Լևոն Զուրաբյանը նշեց. «Մանթրայի պես անընդհատ կրկնում եք, որ դուք մեղավոր չեք, պետք է նշեմ, որ ձեր խոսքին ցավոք սրտի ոչ բոլորն են հավատում Հայաստանում: Բայց ես առաջարկում եմ ստեղծել հանձնաժողով, դուք մեր մասին մի մտածեք, մենք պատրաստ ենք ձեռքներս քշտենք, ընկնել այս կեղտոտ գործերի մեջ և պարզել ճշմարտությունը, դուք, ի սեր Աստծո մեր մասին մի մտածեք»:
Այնուհետև հարց ուղղեց Տիգրան Սարգսյանին, թե ինչպե՞ս է ստացվում , որ երկրում գրանցվում է տնտեսական աճ, բայց միևնույն ժամանակ ամեն տարի 50 հազար մարդ երկրից արտագաղթում է:
«Ես զարմանում եմ, որ ձեր ելույթի սկզբում անվստահություն եք հայտնում և չեք հավատում, և երկրորդ մասում ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը: Եթե դուք չեք հավատում իմ խոսքին, ինչի է ձեզ հետաքրքրում իմ կարծիքը: Զարմանալի է:
Բազմաթիվ մեղադրանքներ կարող եմ հնչեցնել ձեր հասցեին, նմանաոճ, նմանտիպ քաղաքական գնահատականներով, այն, ինչ դուք պարբերաբար, հետևողականորեն անում եք այս դահլիճում և մեծամասնությունն այս դահլիճի ձանձրացել է ձեր նախադասություններից, ձեր միատոն մեղադրանքներից, որովհետև բոլորի համար հասկանալի են ենթատեքստերը: Հասկացանք, շարունակեք ձեր այդ ոճը, եթե գտնում եք, որ ձեր այդ ոճը բերելու է քաղաքական դիվիդենտներ: ՀՀ-ն աշխարհում միակ երկիրը չէ, որտեղ կա արտագաղթ: Անցումային փոլում գտնվող չկա մի երկիր, որտեղ չլինի արտագաղթ: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ինչ քայլեր եք ձեռնարկում այդ արտագաղթը կանխելու ուղղությամբ»,-այսպես պատասխանեց Տիգրան Սարգսյանը Լևոն Զուրաբյանին, ավելացնելով, որ այդ ամենի պատասխանը պետք է տա նաև ընդդիմությունը:
«Նախորդ իմ ելույթներից մեկում նշել էի, որ առաջին հերթին իշխանություններն են պատասխան տալու դրա համար, բայց պետք չի, որ դուք ձեր ձեռքերը լվանաք, քաշվեք ղրաղ ու ասեք, որ դուք դրա հետ ոչ մի կապ չունեք: Դուք էլ ունեք ձեր պատասխանատվության մասնաբաժինը, որովհետև եթե ժողովուրդը տեսնում է, որ այլ ընտրանք չկա, հուսահատվում է: Իսկ դա շատ վատ է, եթե երկրում չկա ընդդիմադիր լուրջ քաղաքական ուժ, որի հետ ժողովուրդը հույս կկապի, իսկ դա ձեր ձախողումբն է»,-նշեց ՀՀ վարչապետը: