Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը:

Նիստին ներկա էր գործով տուժող, քաղաքական գործիչ, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը: Նիստի հենց սկզբում նախագահող դատավոր Գագիկ  Պողոսյանը հիշեցում կատարեց տուժողի համար ինքնաբացարկի մասին, սակայն վերջինիս ներկայացուցիչ Բաղդասարյանը հայտնեց դատարանին, որ  տուժողը ծանոթ է տվյալներին, ժամանակի զուր չվատնելու համար առաջարկեց սկսել տուժողի հարցաքննությունը, ինչի հետ համաձայնեց դատարանը: Տուժող Հայրիկյանն իր ցուցմունքում հայտնեց, որ ամբաստանյալներին ճանաչում է գործի բերումով, իսկ Վարդան Սեդրակյանին դեռևս Հանրապետության վերջին նախագահական ընտրություններից:

Նա հայտնեց դատարանին, որ ամբաստանյալների հետ բարեկամական կամ թշնամական հարաբերություններ չունի:

Հայրիկյանը նշեց, որ նախաքննությանը որոշ ապացույցներ չի ներկայացրել քննիչներին, սակայն դրանք կարող են գործի համար էական նշանակություն ունենալ: Նրա խոսքերով՝ նախագահական ընտրություններին արդեն 3-րդ անգամ իր թեկնածությունն առաջադրելիս ցանկացել է լուրջ բարեփոխումներ մտցնել Հայաստանում, և իր կարծիքով որոշ քաղաքական ուժեր տագնապի մեջ են ընկել՝ մտածելով, որ իր ընտրվելու հավանականությունը մեծ է, և ինքը կարող է Հայաստանի նախագահ ընտրվել: Դատաքննության ընթացքում դատավոր Պողոսյանի այն հարցին, թե Հայրիկայնը կարծում է, որ մահափորձը զուտ քաղաքական միտում է ունեցել, տուժողը պատասխանեց, որ կրակոցներն ընտրազանգվածին վախեցնելու համար էին, իսկ մարդիկ առողջ նախագահ են ցանկանում տեսնել իրենց երկրում, և, բնականաբար, իրեն ընտրելու հավանականությունը այդ դեպքից հետո կնվազեր:

Պարույր Հայրիկայնը նաև ասաց դատարանին, որ, լսելով ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի զղջման խոսքերը, խղճացել է վերջինիս և կցանկանար իր հնարավորությունների սահմանում օգնել ամբաստանյալին: Իսկ ամբաստանյալի այն հարցին, թե տուժողը չի՞ կարծում, որ եթե ինքը սպանելու մտադրություն ունենար, կսպաներ, և ոչ թե պարզապես կկրակեր, Հայրիկյանը պատասխանեց. «Ես շատ եմ ցավում Ձեզ համար, սակայն այդ տարածությունից կրակելը նշանակում է սպանության փորձ: Զենքով սպանում են, ոչ թե շոյում: Դուք չեք վրիպել, պարզապես իմ բախտն է բերել»: Հայրիկյանը նաև ավելացրեց, որ փոխանակ բոլորը համախմբվեն և ավելի լավ հայրենիք ստեղծեն, իրար դեմ են դավեր նյութում:

Իր խոսքում Հայրիկյանը նաև նշեց, որ այն հայտարարությունը, որ արվել  էր Սեդրակյանի կողմից, թե իր մեքենան Հայրիկայնից թանկ է, նա համարում է անառողջ մարդու անառողջ մտածելակերպ և շատ զարմացած է այդ հայտարարությունից: Սրա հետ կապված դատախազ Ամիրզադյանը հետաքրքրվեց տուժողից, մի՞թե  նա միայն զարմացած է: Տուժողը պատասխանեց՝ այո:

Ամբաստանյալ Վարդան Սեդրակայնը նույնպես հնչեցրեց իր հարցերն՝ ուղղված տուժող Հայրիկյանին. «Այդ հայտարաարությունը եղե՞լ է կրակոցից առաջ, թե՞ հետո»: Սրան Հայրիկյանը պատասխանեց, որ կարծում է ՝ կրակաոցից հետո, քանի որ դա կնշանակեր, որ վիրավոր Հայրիկայնի դեմ պայքարելն ավելի հեշտ կլինի: Հայրիկյանն իր ելույթում նախապես նաև նշել էր, որ դատախազությունում կան իր դեմ մահափորձ կատարած և չբացահայտված ևս երեք դեպք, ինչի հետ կապված Սեդրակյանը հարցրեց, արդյո՞ դրանք նախորդների տրամաբանական շարունակությունը չեն: Հայրիկայնը պատասխանեց, որ ինքը համոզված է, որ դրանց տրամաբանական շարունակությունն  են: Սրան ի պատասխան Ամբաստանյալը զարմանք հայտնեց, որ 1992 թվականին, երբ նրանք իրար անգամ չէին էլ ճանաչում, ինչպե՞ս ինքը պետք է մասնակցեր այդ մահափորձին, իսկ Հայրիկյանը պատասխանեց, որ ինքը Սեդրակյանի անունը չի տվել՝ որպես իր դեմ մահափորձ կատարածի:

  Պաշտպան Գալոյանը նույնպես իր հարցն ուղղեց տուժողին՝ ասելով, թե ի՞նչ կապ կարող է ունենալ իր վստահորդ Հարությունյանը քաղաքական գործչի հետ, ինչին Հայրիկայնը պատասխանեց, որ կապը կարող է ունենալ պատվիրատուն: