Այս կամ այն ավտոտրանսպորտի կողմից արագության գերազանցումը ֆիքսող արագաչափերը պատրաստվում են դարձնել շարժական եւ վարորդների տեսադաշտում չերեւացող, որը օրենքի խախտում է: Այս մասին փետրվարի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությա համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:
Այդպիսով, Պեդանյանի խոսքով, այս պարագայում կբացակայեն ճանապարհին կամ մայրուղուն արագաչափի առկայության մասին հայտնող ճանապարհային նշանները:
«Ստացվում է, որ ճանապարհներին դրված հին արագաչափերը այս ամբողջ ընթացքում չեն կատարել իրենց գործառույթը եւ միայն նպաստել են վարորդներից փող վերցնելուն, իսկ ճանապարհների անվտանգության հարցերը ոչ մի կերպ չեն լուծվել»,- նկատեց ՀԿ-ի համահիմնադիրը:
Բացի այդ, Պեդանյանը նկատեց, որ արագաչափերը միշտ չէ, որ ֆիքսում են իրական տուգանքի չափը՝ գրանցելով տուգանքների իրական թիվը գերազանցող գումար:
Պեդանյանը պարզաբանեց նաեւ, որ արագությանը հետեւելը այսուհետ գաղտնի կլինի, իսկ արագաչափերը կամրացվեն ոչ թե ոստիկանության մեքենաներին, այլ սովորական քաղաքացիական մեքենաներին, որը ինքնըստինքյան արդեն օրենքի խախտում է:
Միաժամանակ, փորձագետի կարծիքով իշխանություններն իրենց առաջ միայն մեկ նպատակ են դրել՝ ինտենսիվորեն լցնել պետական բյուջեն, իսկ դա չի ենթադրում ճանապարհներին վտանգների կրճատում:
Իր հերթին, փաստաբան Գեւորգ Դավթյանը ընդգծեց, որ չկա որեւէ նորմատիվ ակտ, որով կկարգավորվի շարժական արագաչափերի գործունեւությունը, իսկ դա, նրա կարծիքով, Սահմանադրության ուղղակի խախտում է:
«Դրանից բխում է, որ այս արագաչափերի օգտագործումը ուղղված է միայն տուգանքների աճի ապահովմանը»,-փաստեդ փաստաբանը:
Նրա խոսքքով՝ հասարակությունը այս հարցում պետք է զգոն լինի եւ ակտիվություն դրսեւորի: Նա առաջարկեց քաղաքացիներին դիմել դատարաններ նույնիսկ աննշան տուգանքների պարագայում եւ պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքը: Սա, նրա կարծիքով, կստիպի իշխանություններին հրաժարվել այդ նախաձեռնությունից:
Բացի այդ, փաստաբանը նշեց, որ այս պարագայում գործ ունենք ուրիշի մասնավոր կյանքին միջամտության հետ, որը պետության հիմնական օրենքի լուրջ խախտում է: