Գյումրիի «Գարուն» հյուրանոցային համալիրի ավտոտնակում փետրվարի 9-ին, շմոլ գազից թունավորված եւ մահացած երիտասարդ զույգը պատրաստվում էր ամուսնանալ: NEWS.am-ի հետ զրույցում հյուրանոցային համալիրի սեփականատեր Սեյրան Գեւորգյանը պատմեց նախօրեին տեղի ունեցած դաժան դեպքի մանրամասները:
«Ես քաղաքում էի, որ զանգեցին հյուրանոցից, ասեցին նման դեպք է եղել։ Երբ ես եկա, արդեն անշարժ էին, անշնչացած ընկած էին, շատ դաժան տեսարան էր: Զանգեցի «Շտապօգնություն», հետո ոստիկանություն, որից հետո ոստիկանները, քննիչներն ու քրեագետները սկսեցին իրենց աշխատանքը: Ոստիկաններն ասել են, որ ընկեր, ընկերուհի են եղել եւ ցանկացել են ամուսնանալ։ Տղան հաստատ ամուսնացած չի եղել, դա բացառված է, հարազատներն են եկել, դա հավաստի տեղեկություն է»,- պատմեց Սեյրան Գեւորգյանը:
Նրա խոսքով` զույգը մեկ օր առաջ է համար պատվիրել եւ գիշերն էլ համարում են եղել:
«Նախորդ օրը 13:30-ի սահմաններում են համարը պատվիրել, հետո դեպքի նախորդ օր երեկոյան եկել են հյուրանոց, համարում են եղել, իրենց բերած սննդից են օգտվել, հյուրանոցից սնունդ չեն պատվիրել, քանի որ եթե օգտվեին, մենք կիմանայինք: Այդ պատճառով էլ իրենց շարժից տեղյակ չենք եղել: 11:00-ին աշխատողը համար է զանգում, որ ճշտի գնում են, թե ինչ են անում, որ գնան մաքրեն, հավաքեն համարը, բայց սենյակի զանգերին ոչ ոք չի պատասխանում: Հյուրանոցի աշխատողը գնում է ավտոտնակը ստուգելու, բացում է տեսնում է մարդ չկա, ասում է` ժողովուրդ, ո՞ւր եք, նոր ուշադիր նայում, տեսնում է հետեւի նստարանին են նստած ու անշնչացած, վախեցած զանգում է ինձ»,-ասաց հյուրանոցի սեփականատերը:
Նրա կարծիքով` ամենայն հավանականությամբ, դեպքն առավոտյան է տեղի ունեցել. «Առավոտյան երեւի ուզեցել են գնալ, նստել են մեքենան, գործի են գցել: Ամենայն հավանակնությամբ, վիճել են, որ տղան էլ է տեղափոխվել հետեւի նստարանին, նստել ու տենց գազից թունավորվել են»:
Սեյրան Գեւորգյանը հավելեց, որ շմոլ գազից մահացած Դավիթ Մարտիրոսյանը Գյումրիից է, Մայիսյան գյուղի հացի փռում առաքիչ է աշխատել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի հյուրանոցներից մեկին կից ավտոտնակում փետրվարի 9-ին, երիտասարդ աղջկա եւ տղամարդու դի է հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դիակները հայտնաբերվել են մեքենայի հետեւի նստատեղին: Մահացած հայտնաբերված կինը 27, իսկ տղան 30 տարեկան է:
Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան հանգամանքները: