Օլիմպիական խաղերի համար նոր մարզագույք չեմ ստացել. դահուկներ եւ կոշիկ չունեմ, չեմ մարզվում, եթե չհասցնեմ մարզվել նախքան մեկնարկս, մրցելույթի դուրս չեմ գա Օլիմպիական խաղերում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքից ասաց Օլիմպիական խաղերում լեռնադահուկային սպորտի Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը:
23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող միակ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մարզվելու, վազքուղին փորձարկելու հնարավորություն չունի, քանի որ մարզագույք չունի:
Աշոտ, արդեն մի քանի օր է` օլիմպիական Փհենչհանում ես: Ի՞նչ խնդիր կա մարզահագուստիդ եւ մարզագույքիդ հետ կապված:
Մարզահագուստի հետ կապված խնդիր չունեմ, մարզագույք` դահուկներ եւ կոշիկներ չունեմ: Այստեղ եկել էի ընկերոջս դահուկներով, քանի որ իմ անձնական դահուկները չունեմ, ֆեդերացիայից նոր դահուկներ չեմ ստացել: Մրցաշրջանի սկզբում հավաքականի բոլոր անդամները նոր մարզագույք ստացան, իսկ ես` ոչ: Մրցաշարերին մասնակցում էի ընկերոջս դահուկներով, Թուրքիայի, Իրանի մրցաշարերում եւս հանդես եմ եկել ընկերոջս դահուկներով: Հայաստանի առաջնությունում էլ հաղթեցի ընկերոջս դահուկներով: Երբ եկանք օլիմպիական քաղաք, առաջին մարզմանը փորձեցի դուրս գալ, մրցուղու հետ ծանոթանալ, բայց ունեցածս դահուկները, որոնք տվել էր ընկերս մաշված էին, կոտրվեցին:
Իսկ ինչպե՞ս եւ ի՞նչ մարզագույքով ես դուրս գալու մեկնարկի:
Այժմ դահուկ չունեմ, չեմ մարզվում: ՀԱՕԿ-ն ինձ համար արդեն պատվիրել է նոր դահուկներ Ռուսաստանից: Այժմ այն ուղարկում են ինձ: Եթե ժամանակին հասնի, կարողանամ նոր դահուկներով մարզվել, կմասնակցեմ մրցմանը, իսկ եթե չմարզվեմ, չեմ դուրս գա մեկնարկի:
Ի՞նչն է իրականում պատճառը, ինչո՞ւ քեզ նոր գույք չի հասել:
Չգիտեմ… Գուցե այն պատճառով, որ ես բոլորին հաղթում եմ: Ես պետք է յուրաքանչյուր մրցաշրջանին նոր մարզագույք ստանամ, բայց բոլորը ստացել են, իսկ ես` ոչ:
Դահուկային սպորտի ֆեդերացիան նշում է, որ դու ունես նոր գույք եւ այն այժմ քեզ մոտ է:
Սուտ է… Ես չունեմ նոր դահուկներ: Ինձ համար նոր դահուկներ Օլիմպիական կոմիտեն է գնել, որն ինձ կհասնի մի քանի օրից միայն: Չեմ մարզվում, քանի որ կոտրված են իմ դահուկները, որոնք ինչպես արդեն ասացի ընկերս էր ինձ տրամադրել: Դրանք 4 տարվա դահուկներ էին, այդ պատճառով առաջին մարզումային օրը շարքիս դուրս եկան: Ֆեդերացիան նկատի ունի 2017 թվականին ստացած իմ մարզագույքը, բայց ես դրանք ինձ հետ Փհենչհան չեմ բերել, քանի որ վերջացել էր դահուկներիս քսուկը, որով մշակում ենք մարզագույքը լավ սահելու համար: Նորմալ մարզիկները ամեն մրցաշրջանին երկու զույգ դահուկ են փոխում: Ֆեդերացիան նաեւ պատճառաբանում է, որ բանակային տարիքում եմ, այդ պատճառով ինձ համար մարզագույք չեն ստացել, բայց դահուկներն ինչ կապ ունեն` ես բանակ գնում եմ, թե ոչ: Զինծառայության իմ խնդրի պատճառով չեմ գնացել, այլ ոչ թե նրանք են ազատել:
Ես այս Օլիմպիական խաղերին պատրաստվել եմ երկար ժամանակ: Շուրջ երկու տարի մարզվել, աշխատել, տանջվել էի օլիմպիական վարկանիշային միավորներ ձեռք բերելու համար: Հունվարին կայացած երկու մրցաշարերում` Թուրքիայում եւ Իրանում ինձ հաջողվեց բարելավել արդյունքներս եւ արդեն համոզված էի, որ ես եմ մեկնելու Օլիմպիական խաղեր: Այս մազաձեւը շատ եմ սիրում: Ծնվել, մեծացել եմ Ծաղկաձորում, որտեղ լեռնադահուկը շատ սիրված եւ տարածված մարզաձեւ է: Օլիմպիական խաղերի մեկնարկին պատրաստ եմ, լավ մարզավիճակ ունեմ, բայց բնական է, որ մեդալային պայքարում չեմ լինի: Բայց շատ եմ ուզում լավ մասնակցություն ունենալ, լավ եւ պատվով ներկայացնել իմ երկիրը, որպեսզի աշխարհը տեսնի, որ այս մարզաձեւը կա նաեւ Հայաստանում, հայերն էլ են սիրում լեռնադահուկ, որ մեր երկրում էլ լավ հիմքերի վրա է դրված մարզաձեւը, զարգացած է եւ դեռ իր խոսքը կասի համաշխարհային սպորտում:
Նշենք, որ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը օլիմպիական վարկանիշային միավորները հավաքել էր հունվարի 21-ին Իրանում կայացած վերջին վարկանիշային մրցաշարին: Իսկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների անունները հայտարարել էր դեռեւս հունվարի 26-ին: Այսինքն` այդ օրվանից պարզ էր, որ լեռնդահուկորդ Աշոտ Կարապետյանը մասնակցելու է Օլիմպիական խաղերին: Այնուամենայնիվ ՀԱՕԿ-ը միայն օլիմպիական քաղաքում է մարզիկի համար պատվիրում նոր մարզագույք, որը մարզիկին կհասնի մեկնարկից 1 օր առաջ, կամ գուցե հենց մեկնարկի օրը: Աշոտ Կարապետյանի առաջին մեկնարկը կայանալու է փետրվարի 18-ին հսկա ոլորավայրէջք ձեւում:
Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության մարզագույքի հետ խնդիրներն առաջին անգամ չեն. Սոչի Օլիմպիական խաղերում եւս մարզիկների մարզագույքի հետ կապված խնդիրներ կային: Մարզիկների համար նախատեսված նոր դահուկների փոխարեն Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկի էին դուրս եկել հին դահուկներով, ինչի պատճառով դեռեւս այն ժամանակվա դահուկային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը հեռացվեց օլիմպիական քաղաքից, այդ թվում եւ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am Sport