Երկար սպասված նորամուտը անհաջող դասավորված արտագնա խաղում, «Էմիրեյթսում» ֆանտաստիկ ստացված նորամուտը մեկնարկային կազմում եւ դժգույն խաղ հյուսիսլոնդոնյան դերբիում՝ այսպիսին են Հենրիխ Մխիթարյանի առաջին քայլերը Լոնդոնի «Արսենալում»: Այժմ ամեն ինչ հերթով:
«Անձրեւային» նորամուտ Ուելսում
«Հենոն է մտնում». այսպես են արձագանքել «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի արտագնա խաղին հետևող հազարավոր հայ երկրպագուներ:
60-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագը պետք է բեկեր ծանր հանդիպման ընթացքը: Հորդ անձրեւի տակ անցած հանդիպման մեկ ժամից հետո կողմերը փոխանակել էին մեկական գոլ՝ 1:1:
Բայց Արսեն Վենգերի ծրագիրը չաշխատեց: Արդեն մեկ րոպե անց «Արսենալը» բաց թողեց անհեթեթ գոլ, որը փոխեց լոնդոնյան թիմի խաղային ծրագիրը: Հաշվի մեջ առավելություն ստանալուց հետո «Սուոնսին» ավելի շատ կենտրոնացավ պաշտպանության վրա եւ սկսեց խաղալ հակագրոհներով:
Մխիթարյանի համար դա դրսեւորվելու լավագույն տարբերակը չէր: Բայց նորամուտի խաղում տպավորություն թողնելու եւ թիմին օգնելու հստակ նպատակով ասպարեզ դուրս եկած հայ ֆուտբոլիստը «ծանր» խաղադաշտի եւ ոչ բարենպաստ պայմաններում էլ ակտիվ էր:
Մխիթարյանը տեղաշարժվում էր կենտրոնից եզր եւ ակտիվ էր թե գրոհների ժամանակ, թե պաշտպանվելիս: Մի քանի դրվագներում նա սրեց խաղը ժամանակին կատարած սուր փոխանցումներով եւ վատ չէր համագործակցում նոր թիմակիցների հետ: Սակայն ընդհանուր սրության պակասն ու պաշտպանության ձախողումները թույլ չտվեցին «Արսենալին» փրկել խաղը:
Նախորդ տուրում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակից ոգեւորված հետնապահը կարողացավ օգտվել խաղը փրկելու ձգտումով առաջ նետված «Արսենալի» պաշտպանության սխալներից եւ վերջակետ դրեց խաղում` 3:1:
Հանդիպումից հետո «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշեց, որ գոհ է Մխիթարյանի խաղից եւ ենթադրեց, որ նրա արդյունավետությունն աստիճանաբար կմեծանա: Վենգերը նաեւ չբացառեց, որ Մխիթարյանին կարող է օգտագործել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:
«Յո, Պյեր» կամ «Բորուսիայի» հարձակողական զույգի վերամիավորումը «Արսենալում»
Արդեն «Էվերտոնի» դեմ հաջորդ խաղում սպասվում էր Հենրիխ Մխիթարյանի եւ ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Դորտմունդի «Բորուսիայից» «Արսենալ» տեղափոխված հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի վերամիավորումը:
Գաբոնցի հարձակվողի տեղափոխությունը գործարքի մասին պաշտոնական հայտարարությունից դեռ մի քանի օր առաջ համարվում էր կայացած: Բանն այն է, որ Մխիթարյանի շնորհանդեսի տեսահոլովակը պատրաստելիս «Արսենալի» մամուլի ծառաությունը թերագնահատել էր բրիտանական մամուլի հետազոտական որակները կամ դիտավորություն էր թույլ տվել: Արդեն այդ տեսահոլովակում Մխիթարյանն ասել էր՝ «Yo, Pierre, you wanna come out here?» («Հեյ, Պյեր, ցանկանո՞ւմ ես տեղափոխվել այստեղ»):
Նույնիսկ, երաժշտությունը չէր խանգարել լրագրողներին հասկանալ, թե ինչ է ասում Մխիթարյանը: Մի քանի օր անց նախկին ակումբակիցներն արդեն միասին էին եւ չէին թաքցնում, որ ուրախ են դարձյալ խաղալ միասին: Օբամեյանգը նաեւ հայտարարեց, որ Մխիթարյանի հետ զրույցն ու նրա ներկայությունը «Արսենալում» որոշիչ են եղել ընտրության ժամանակ:
«Ասիսթարյանը»՝ գործի մեջ. «Էմիրեյթսը» տպավորված է
«Էվերտոնի» դեմ խաղից առաջ Վենգերը նշեց, որ Մխիթարյանն անպայման կլինի մեկնարկային կազմում, իսկ Օբամեյանգի վերաբերյալ որոշումը կլինի ավելի ուշ: Արդյունքում երկուսն էլ խաղադաշտ դուրս եկան առաջին րոպեներից: Մխիթարյան-Օբամեյանգ զույգը հենց մեկնարկից սկսեց աշխատել ամբողջ հզորությամբ: «Արսենալի» բազմաքայլ գրոհը, նոր՝ հայ-գաբոնյան շեշտադրությամբ: Օբամեյանգը հաշվենկատ փոխանցումով գտնում է տուգանային հրապարակ ներխուժող Մխիթարյանին, որը սուր փոխանցում է կատարում Ռեմզիին՝ 1:0:
Մխիթարյանը հրաշալի է զգում իրեն, իսկ «Արսենալն» արդեն 19-րդ րոպեին հաղթում է 3:0 հաշվով: Երկու գոլ՝ առանց մեր մասնակցությա՞ն: Մատուցեք «սկուտեղով ասիստը»: Հետեւեց «դորտմունդյան» կոմբինացիա, որի արդյունքում Մխիթարյանը Օբամեյանգին մեն-մենակ դուրս բերեց դարպասապահի դեմ: Գաբոնցի հարձակվողն իր ֆիրմային ոճով գնդակը դարպասապահի գլխավերևով ուղարկեց ցանցի մեջ` 4:0:
Մխիթարյանը, Օզիլը, Ռեմզին ու ընկերները խաղում էին անկաշկանդ ու թեթեւ: Այդ երեկո «Արսենալի» մոտ ստացվում էր ամեն ինչ: Իսկ երբ Վենգերի ղեկավարած թիմը ոգեւորված է, մրցակցին մնում է հետեւել գեղեցիկ խաղին`պոպկորնը ձեռքին: Այլ հարց է, որ երբ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, սկսվում են լուրջ խնդիրներ: Երկրորդ խաղակեսում Մխիթարյանն ավարտեց սկսածը: Աջ եզրից կատարած ճշգրիտ փոխանցումը Ռեմզիին տվեց արդյունք՝ 5:1: Ուելսցի ֆուտբոլիստը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Մխիթարյանը կատարեց երեք գոլային փոխանցում: Հրաշալի նորամուտ տնային խաղում, այդպես չէ՞: Օրինակ՝ Ալեքսիս Սանչեսը այդ նույն երեք գոլային փոխանցումը կատարել է մրցաշրջանի մեծ մասի ընթացքում միայն:
Սակայն չմոռանանք, որ ավելի լուրջ փորձություններն առջեւում են: Արդյո՞ք նորեկները միանգամից «վերակենդանացրին» «Արսենալը»: Այդ հարցի պատասխանը կտար «Տոտենհեմի» դեմ հյուսիսլոնդոնյան դերբին:
Դժգույն խաղ դերբիում կամ «Տոտենհեմը» պարզապես ավելի ուժեղ էր
Անցած շաբաթն անգլիական ֆուտբոլի երկրպագուների համար անցավ «Հյուսիսային Լոնդոնի դերբիի» սպասումով: «Գոլային փոխանցումների արքա» Մեսութ Օզիլին ստվերում թողած աստղային զույգն ուշադրության կենտրոնում էր: Դերբիի մթնոլորտը լիարժեք երաշխավորված էր: Լեգենդար «Ուեմբլիում» ազատ տեղ չկար, իսկ Պրեմյեր լիգայում գրանցվեց հաճախելիության նոր ռեկորդ՝ 83.222 հանդիսական:
«Տոտենհեմը» ֆանտաստիկ մարզավիճակում է. Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հրաշալի տեսք ունի, նախորդ տուրում էլ 2:0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Արսենալի» դեպքում ամեն ինչ ավելի բարդ է: Նորեկները թիմին հաղորդեցին թարմություն եւ կրեատիվություն առջևի գծում, սակայն պաշտպանության, հենակետային գոտու խնդիրները եւ լավագույն տարիները ետևում թողած Պետր Չեխի անկայուն խաղը մնում են օրակարգում: Բացի այդ Վենգերի ղեկավարած թիմն այս մրցաշրջանում շատ վատ է խաղում հյուրընկալվելիս: Ֆրանսիացի մասնագետը եւս շեշտել էր, որ դեռ երբեք իր թիմն այսքան վատ չի խաղացել դրսում:
Խաղի մասին. «Տոտենհեմը» պարզապես ավելի ուժեղ էր: Այո, Պոչետինոյի թիմը հրաշալի Հարի Քեյնի ջանքերով խփեց միայն մեկ գոլ, սակայն դաշտի տերերը կարող էին հաղթել ավելի խոշոր հաշվով՝ խուսափելով նյարդային վերջաբանից, որի ընթացքում «Արսենալը», միգուցե անարդարացիորեն, նույնիսկ կարող էր խուսափել պարտությունից:
Մխիթարյանն ամբողջ թիմի նման վատ խաղաց: Հենրիխը չկարողացավ կարեւոր եւ բարդ պահին իր վրա վերցնել խաղը: Ազատ տարածության բացակայության եւ գերուժային պայքարի պայմաններում հայ կիսապաշտպանը աննկատ էր եւ մի քանի ոչ այնքան հաջող գործողություններից հետո փոխարինվեց 65-րդ րոպեին:
Մխիթարյանին հաճախ են քննադատում, որ լուրջ մրցակիցների հետ կարեւոր հանդիպումներում նա աննկատ է եւ երբեմն «կորում» է խաղադաշտում: Հավանաբար, իրավացիորեն: Իսկ «Տոտենհեմի» հետ դիմակայությունում «Արսենալի» խաղը հասկանալու համար բավական է նշել, որ ամբողջ հանդիպման ընթացքում Վենգերի ղեկավարած թիմը կատարել է 3 հարված դեպի դարպասը. Դա Պրեմյեր լիգայի պատմության մեջ վատագույն ցուցանիշն է «Արսենալի» համար: Համոզիչ չէին նաեւ խաղից հետո Վենգերի արդարացումները` «Մենք ավելի շատ էինք վերասկում գնդակը» ժանրից:
P.S. «Մանչեսթեր Յունայթեդում» պարտադրված պարապուրդից հետո Մխիթարյանը դեռ չի հավաքել օպտիմալ մարզավիճակ եւ պատրաստ չէ ամենաբարձր մակարդակում անցկացնել 90 րոպե: Այո, «Արսենալը» համապատասխանում է Մխիթարյանի խաղաոճին, սակայն դեռ ժամանակ է պետք նոր թիմակիցներին լիարժեք հասկանալու համար:
Դերբիից հետո ակնհայտ դարձավ, որ «Արսենալն» ունի բազմաթիվ խնդիրներ: Թիմային փոխգործակցությունը բարելավելու եւ երեք ճակատով արդյունավետ պայքար մղելու համար «Արսենալին» պետք են արագ լուծումներ:
Նյութի աղբյուրը` NEWS.am SPORT